Ղազախստանը ծրագրում է Ադրբեջանին տրամադրել Eurocopter EC 145 ուղղաթիռների քաղաքացիական տարբերակը

Ղազախստանը հետաքրքրված է և նախատեսում է Ադրբեջանին մատակարարել եվրոպական-ղազախական համատեղ արտադրության Eurocopter EC 145 ուղղաթիռների քաղաքացիական տարբերակները։ 

Այս մասին ղազախական BNews.kz կայքին հաղորդել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդ  Ալմազ Բազարբարևը։ Տեղեկությանն անդրադառնում է նաև «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը։

Ղազախստանում արտադրված Eurocopter EC145 ուղղաթիռ

Ղազախստանում արտադրված Eurocopter EC145 ուղղաթիռ

 

Համաձայն սույն աղբյուրների՝ ռազմական կցորդն ասել է. «Հուսով եմ՝ ուղղաթիռներն Ադրբեջանում պահանջարկ կունենան։ Դա իհարկե քաղաքացիական տարբերակն է, սակայն այն լայնորեն կիրառվում է նաև սահմանապահ ծառայության, ԶՈւ բժշկական ստոբաժանումների կողմից, ոստիկանական ուժերում»։

Ադրբեջանական կողմը այս պահի դրությամբ չի մեկնաբանել հայտարարությունը։ Ընդ որում, պարզ չէ՝ երբ են բանակցություններ տարվել կամ տարվելու ուղղաթիռների գնման ուղղությամբ, արդյուք պայմանագիրը կնքվել է, իսկ եթե ոչ, ապա՝ երբ է կնքվելու, և վերջապես քանի միավոր նման ուղղաթիռների մասին է խոսքը, և ադրբեջանական ռազմական որ կառույցին են դրանք տրամադրվելու։

Հավելենք, որ Ղազախստանը EC 145 ուղղաթիռներն իր տարածքում արտադրում է 2011-ից՝ 2010-ին կնքված պայմանագրի համաձայն, մինչ օրս արտադրել է ընդհանուր առմամբ 20 միավոր, որոնց մի մասը 2012-ի տվյալներով պետք է շահագործվեր Ղազախստանի ԱԻՆ-ում և ՊՆ-ում։ Վերջին շրջանում Ղազախստանը հայտարարել է՝ նպատակ ունի մինչև 2020-ն այս ուղղաթիռների արտադրման ծավալներն ավելացնել 30 տոկոսով։

Հավելենք, որ EC 145 բազմանպատային ուղղաթիռը, որի ստեղծողը ֆրանս-գերմանական Airbus (նախկինում՝ Eurocopter) կոնցերնն է, BK.117 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է։ Անձնակազմը 1-2 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 9 հոգի ուղևորի, երկարությունը՝ 13.03 մ, բարձրությունը՝ 3.96 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 3585 կգ, շարժիչի հզորությունը՝ 728 ձիաուժ, առավելագույն արագությունը՝ 278 կմ ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5 485 մ։ 

Առաջին անգամ EC 145 ուղղաթիռները հանրությանը ներկայացվել են Heli-Expo’2000 Լաս Վեգասի ռազմական ցուցահանդեսի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *