Ուկրաինայի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով տրամադրել այն զրահատեխնիկան, հետախուզական սարքավորումներն ու զրահապատ բաճկոնները, որոնք կլինեն դուրսգրման ենթակա՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո։ Ինչպես հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Լեոնիդ Պոլյակովը։
Նրա խոսքերով ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների համար նման օգնության տրամադրումն առանձնակի խնդիր չէ։
ԱՄՆ-ում պարբերաբար հայտարարում են, որ կդիտարկեն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը, սակայն մինչ օրս սահմանափակվել են դեղորայքի, քնապարկերի, էլեկտրագեներատորների և թիկունքային ապահովման նշանակության նմանատիպ այլ գույքի մատակարարմամբ։
ԱՄՆ-ից հայցելով ռազմական օգնություն՝ Ուկրաինայի իշխանությունները փորձում են շեշտը դնել այն հանգամանքի վրա, թե դա անհրաժեշտ է Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի և ներխուժման դեպքում պատշաճ դիմադրություն ցույց տալու համար։ Սակայն ամերիկյան կողմի համար այս խայծն ամենևին էլ գրավիչ չէ։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադառնալով այս հարցին նշել է, որ իրենց նպատակն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն է, ոչ թե սրումը։
Տեղին է մեջբերել նաև Օբամայի՝ ապրիլի 28-ին արված հայտարարությունը, որում նա նշում է, թե իմաստ չի տեսնում Ուկրաինային զենք տրամադրելու մեջ և իրավիճակի հանգուցալուծումն ավելի շատ տեսնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման եղանակով։
Նշենք նաև, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է՝ Ուկրաինային մինչ օրս ցուցաբերվել է շուրջ 8 միլիոն ամերիկյան դոլարի օգնություն՝ գույքային մատակարարման տեսքով։ Առաջիկայում այդ օգնության ծավալը նախատեսվում է հասցնել մինչև 20 միլիոն դոլարի։
Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 2 | Ռազմ.info