Ռուսաստանյան նոր անօդաչուի առաջին թռիչքը կայանալու է ժամկետից շուտ

Ռուսաստանյան «Տրանզաս» ընկերությունն արդեն ընթացիկ տարում առաջարկում է իրականացնել իր արտադրած անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը, որը ստեղծվել է ՌԴ պաշտպանության նախարարության պատվերով։ 

Այս մասին սույն ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Դոլժենկովն ասել է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը։ Նա շեշտել է. «ՊՆ-ի հետ պայմանագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներն առաջ են ընկել նախանշած գրաֆիկից, ուստի նախարարի խորհրդով որոշեցինք ավելի վաղ անցկացնել անօդաչուի առաջին թռիչքը։ Մինչ օրս բոլոր փուլերը համապատասխանաբար անցել ենք ՊՆ-ի պահանջների համաձայն»։

Հիշեցնենք, որ դեռևս 2011-ի հոկտեմբերին ծովային, ավիացիոն և նավիգացիոն համակարգերի, վարժասարքերի պետերբուրգյան արտադրող «Տրանզաս» ՓԲԸ-ն հաղթել էր ՊՆ-ի հայտարարած մրցույթում՝ մինչև 1 տոննա կշռող անօդաչուի ստեղծման համար։ Նախագիծը ենթադրում է մոտ 2 մլրդ ռուսական ռուբլի (շուրջ 59.79 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Նկատենք, որ նախագծի հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի մի ԱԹՍ, որն ունակ կլինի արժանի մրցակից լինել արտերկրում ստեղծված համանման օրինակներին, գերազանցի նրանց ծովային ու ցամաքային մակերևույթների ինքնուրույն շրջադիտման ոլորտում, կիրառվի նաև քաղաքացիական խնդիրների համար։

Հավելենք, որ «Տրանզաս» ընկերությունը Կազանի «Սոկոլ» փորձարարական-կոնստրուկտորային բյուրոյի հետ միասին 2011-ի հոկտեմբերին հաղթել էր ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարած մեկ այլ մրցույթում՝ առաջ անցնելով «ՄիԳ» ինքնաթիռաշինական գործարանից։ Մրցույթը ենթադրում է մինչև 5 տոննա զանգվածով, առավելագույն բեռնվածության մեծ չափով, թռիչքի մեծ հեռավորությամբ ԱԹՍ-ի ստեղծում, սակայն վերոհիշյալ երկու ընկերությունների հետ կնքած շուրջ 1 մլրդ ռուբլի (29 մլն ԱՄՆ դոլար) պայմանագրի համաձայն՝ նրանք պարտավորվում են մինչև 2014-2015-ը ստեղծել և օդ բարձրացնել ԱԹՍ-ի միայն նախատիպը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *