Լիբիայում զինված բախումներից հետո կասեցվել է խորհրդարանի աշխատանքը

Լիբիայի զինվորականները, որոնք ենթարկվում են գեներալ Խալիֆե Հաֆթարին, մայիսի 18-ին հայտարարել են երկրի խորհրդարանի աշխատանքի կասեցման մասին՝ կոչ անելով կառավարությանը շարունակել բնականոն աշխատանքը մինչև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը։

գեներալ Խալիֆե Հաֆթար

գեներալ Խալիֆե Հաֆթար

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով արաբական հեռուստաալիքներին, Լիբիայի Ազգային բանակի ներկայացուցչի խոսքերով՝ կառավարությանը վերահսկելու և օրենսդիր մարմնի պարտականությունները ստանձնելու է այսպես կոչված «Հանձնաժողով 60» կառույցը։ Սույն հանձնաժողովի իրավասությունների շարքում է նաև նոր Սահմանադրության կազմումը։ Բանակի ներկայացուցիչը նաև շեշտել է՝ Լիբիայի բանակը «կանգնել է ժողովրդի կողքին ծայրահեղականության դեմ պայքարում»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումներ են եղել գեներալ Հաֆթարի կողմնակիցների և խորհրդարանական ուժերի համախոհ զինյալների խմբավորումների միջև։ Հաֆթարի կողմնակիցները որոշ ժամանակ գրավել են խորհրդարանի շենքը, պատգամավորները հարկադրված են եղել լքել այն։

Ավելի վաղ՝ մայիսի 16-ին, Հաֆթարի գաղափարակիցները հանկարծակի գրոհ են կազմակերպել Բենղազիում իսլամիստների դիրքերի ուղղությամբ։ Բախումների հետևանքով սպանվել է 43, վիրավորվել՝ ավելի քան 100 հոգի։ Բախումներից անմիջապես հետո գեներալ Հաֆթարը կրկին ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ՝ խոստանալով «կարճ ժամանակում Բենղազին մաքրել ահաբեկիչներից», իսկ խորհրդարանն էլ իր հերթին Բենղազիում կատարվածը որակել է «պետական հեղաշրջման փորձ»՝ զգուշացնելով՝ օրենքի շրջանակներում պատժվելու են բոլոր մեղավորները։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հաֆթարը մի քանի անգամ հայտարարել է՝ իրեն իշխանություն պետք չէ, նա ընդամենը ցանկանում է «ազատագրել ժողովրդին պետության վերահսկողությունից դուրս եկած իսլամիստներից և զինված խմբավորումներից»։

Հավելենք, որ դեռևս 2011-ի հոկտեմբերին շուրջ 40 տարի երկիրը կատավարող Մուամար Քադաֆին գահընկեց արվեց։ 2012-ի օգոստոսին ձևավորված Ժամանակավոր կառավարության խորհուրդն իր իրավասությունները փոխանցեց Համազգային կոնգրեսին, որն էլ կազմավորվել էր նույն տարում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սակայն հենց Քադաֆիի հեռանալուց և սպանվելուց հետո Լիբիայում ներքին քաոսային իրավիճակ հաստատվեց. տարբեր ցեղային միությունների հակասությունները սրվեցին, վերսկսվեցին նրանց միջև արյունալի բախումները։ Բախումների պատճառով էլ Լիբայի որոշ հատվածներում զինված խմբավորումնեը հաստատեցին իրենց վերահսկողությունը՝ սույն շրջանները կառավարելով սեփական օրենքների շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *