Մայիսի 18-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ընթացող մարտերում ստացած վնասվածքներից զոհվել է Սիրիայի բանակի գեներալ, հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Հուսեյն Իսաաքը։
Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, սույն մարտերի ժամանակ Սիրիայի կառավարական զորքերը փորձում էին հետ գրավել զինյալների խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Մլեյհա քաղաքը։
Տեղեկությունը հաստատել է նաև ռուսաստանյան Russia Today լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սիրիայի կառավարությունում սեփական աղբյուրներին, նաև հավելում է՝ գեներալը սպանվել է ծայրահեղ իսլամիստական «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման դեմ մարտում։
Հարկ է նշել, որ Syrian Observatory for Human Rights բրիտանական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտարարել է՝ ՀՕՊ զորքերի հրամանատարի մահը «Սիրիայի վարչակազմի համար ավելի շատ ծանր հոգեբանական հարված էր, քան մարտական», քանի որ Դամասկոսին կից տեղակայված ՀՕՊ զորքերի շտաբ գրասենյակն այնքան ակտիվ չէր մարտական գործողություններում՝ զինյալների՝ բավարար օդուժ չունենալու պատճառով։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում, որն օրերս գրավել էին զինյալների ուժերը, տեղական ձեռնարկություններն ու խանութները հացադուլ են հայտարարել և ցույցեր են կազմակերպել ծայրահեղ իսլամիստական կողմնորոշմամբ աչքի ընկնող զինյալների՝ իսլամի շրջանակներում որդեգրած դիրքորոշման դեմ։
Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։