Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 19

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։

Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝

18:00-Կրամատորսկից Սլավյանսկ տանող ավտոճանապարհի անցակետերից մեկի մերձակայքում արդեն 1 ժամից ավել ընթանում է փոխհրաձգություն: Այս մասին հայտնում են լրատվամիջոցների՝ տեղում աշխատող թղթակիցները: Միջադեպի մասնակից կողմերի մասին ստույգ տեղեկություն դեռևս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ դրանք Ուկրաինայի ազգային գվարդիայի և Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի մարտիկներն են:

16։00-Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը փորձի խաղաղապահ առաքելության քողի ներքո զորք մտցնել Ուկրաիանա, ապա այդ ստորաբաժանումները կդիմավորեն կրակահերթերի ներքո։ Նա հավելել է, որ ո´չ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ո´չ էլ Գերագույն Ռադան հավանություն չեն տվել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության իրականացմանը։ Կովալը եզրափակել է իր խոսքը՝ նշելով, թե ուկրաինական բանակն ամբողջությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները։

14։00-Մայիսի 18-ին Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները, համաձայն Ուկրաինայի ՊՆ տվյալների, հատուկ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Կրամատորսկի ռազմական օդակայանը շարժական զենիթահրթիռային համալիրից հրետակոծելու նախապատրաստվող ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչների դեմ։ Գործողության արդյունքում զինաթափվել և գերի են վերցվել ինքնապաշտպանական ուժերի մի քանի զինված մարդկանց, ինչպես նաև ՌԴ քաղաքացի լրագրողների, որոնք, ըստ աղբյուրի, առցանց տեսագրել են կատարվածը։ Այդ լրագրողները Life News ռուսաստանյան հեռուստաալիքի աշխատակիցներն են։

Կրամատորսկում առգրավված ԶՀՀ-ի լուսանկարը

Կրամատորսկում առգրավված ԶՀՀ-ի լուսանկարը

Կարևոր է նշել, որ ուկրաինացի զինծառայողներին հաջողվել է առգրավել շարժական զենիթահրթիռային համալիրը։ Նման համալիրներ Ուկրաինայի զինուժում չեն գործածվում, այն արտերկրյա արտադրանք է։ Ռուսաստանյան BMPD ռազմական բլոգը, քննելով համակարգի լուսանկարը, գրում է, որ այն թերևս լեհական արտադրության Grom E2 ԶՀՀ-ն է:

11։13Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը հայտարարել է, թե չի ճանաչելու Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին նշել է Դոնբասի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևը, ով հավելել է, որ ընտրությունները հակասում են սահմանադրությանն ու անօրինական են։ Գուբարևը շեշտել է, որ «Լուգանսկի և Դոնեցկի անկախ պետություններում» դրանց անցկացումը հնարավոր չէ։ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին։

11։01 ” Կրամատորսկում ռուսաստանյան լրագրողների խմբի ձերբակալության հարցով պաշտոնական Մոսկվան դիմել է ԵԱՀԿ-ին։ Ռուսաստանյան LifeNews լրատվամիջոցի խմբին ուկրաինական կողմը ձերբակալվել էր մայիսի 18-ին։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նշել էր, թե ձերբակալել է ռուսաստանցիների, ովքեր ներկայանում են որպես լրագրողներ։ Ռուսաստանյան կողմը նշում է, թե ձերբակալությունն ապօրինի է, քանի որ լրագրողների խումբն Ուկրաինայում աշխատելու թույլտվություն է ունեցել։

11։00 ” Ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունն» ընտրել է ղեկավարի։ Վալերի Բոլոտովն արդեն հասցրել է նաև երդում տալ։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *