ՆԱՏՕ-ի կործանիչները տագնապով մեկնել են Բալթիկ ծով՝ ռուսաստանյան ուղղաթիռի պատճառով

ՆԱՏՕ-ի՝ Մերձբալթյան երկրներում հերթապահություն իրականացնող կործանիչները «տագնապ» ազդանշանով մեկնել են Բալթիկ ծովի ավազան՝ այնտեղ հայտնված անհայտ թռչող սարքի պատճառով։ Պարզվել է, որ թռչող սարքը Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կա-27 ուղղաթիռն է, որը բավական մոտ է եղել Լատվիայի օդային սահմանին։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ Typhoon կործանիչը ՌԴ ՌԾՈւ «Ստրեգուշի» ռազմանավի գլխավերևում

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ Typhoon կործանիչը ՌԴ ՌԾՈւ «Ստրեգուշի» ռազմանավի գլխավերևում

Ռուսաստանյան ուղղաթիռն ուղեկցելու համար օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի 3 միավոր Typhoon կործանիչ։

ՌԴ ռազմածովային ուժերի՝ Բալթիվ ծովի ավազանում պարեկություն իրականացնող «Ստրեգուշի» (ռուս.՝ Стрегущий) հետախուզական նավից օդ բարձրացած Կա-27 ուղղաթիռը չի միացրել իր նույնականացման ռադիոհաղորդիչն, ինչպես նաև երկխոսության չի մտել ավիադիսպետչերների հետ, ինչն էլ դարձել է տվյալ հատվածը հսկող ՆԱՏՕ-ական ուժերի անհանգստության պատճառ։

Հիշեցնենք, որ հարաբերությունների լարվածությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, որն առաջացավ Ուկրաինայում զարգացող իրադարձությունների պատճառով, Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի համար դարձավ պատրվակ՝ մեծացնելու ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանների հարևանությամբ։ Այդ շրջանակներում 2014-ի ապրիլից Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային սահմանների հսկումը ստանձնեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաօդային ուժերի կործանիչները։

Ռազմանավային տեղակայման Կա-27 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը շահագործման են հանձնել 1981-ին։ 3 Հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 290 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 000 մետր է։ Սպառազինությունում Կա-27-ն ունի ռումբեր և հականավային տորպեդներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *