Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների, մասնավորապես կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների դիրքորոշումը պաշտպանության ծախսերի կրճատման հարցում անընդունելի է, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեծացնում է պաշտպանության վրա ծախսվող գումարների չափը։
Այս մասին մայիսի 15-ին Բրատիսլավայում կայացած անվտանգության հարցերով համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Ռասմուսենը նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուաստանի պաշտպանական բյուջեն ավելացել է 10 տոկոսով, իսկ ահա եվրոպական երկրները այդ ծախսերը կրճատել են շուրջ 20 տոկոսով։
«Ժամանակը եկել է դադարեցնել կրճատումները»,- նշել է Ռասմուսենը։
Նշենք, որ կազմակերպված եռօրյա համաժողովը նվիրված էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայլերին։ Համաժողովին մասնակցել են նաև Սլովակիայի, Լեհաստանի, Չեխիայի վարչապետները։
Հավելենք, որ ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 1-ին հաստատել են, որ կասեցնում են ցանկացած տիպի ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ, սակայն որոշել են ՌԴ-ի հետ փոխառնչությունները դեսպանների ու դիվանագետների մակարդակով պահպանել։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարները ծրագրում են սույն հարցը կրկին քննարկել 2014-ի հունիսին կայանալիք հանդիպմանը։
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի սկզբին ՆԱՏՕ-ն արդեն իսկ կասեցրել էր ՌԴ-ի հետ արտահանման պայմանագրերը, ինչպես և առաջին համատեղ առաքելության՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարներն ամերիկյան նավում ոչնչացնելու գործընթացը։