Արտերկրում սովորելու համար զինապարտ քաղաքացիներին անհրաժեշտ կլինի ՀՀ կառավարության անհատական որոշում

Այսուհետ արտերկրի բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետման իրավունք արական սեռի քաղաքացիները կստանան միայն ՀՀ կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում:

Այս մասին ՀՀ ազգային ժողովը մայիսի 16-ին ընդունեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է <…> պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով» («Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ):

Նախագծի համահեղինակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ այս լրացման անհրաժեշտությունը ստեղծվել էր այն պատճառով, որ ուսումը շարունակելու համար օտար երկրներ մեկնում էին հիմնականում արական սեռի ուսանողները, ինչի արդյունքում նրանք նաև օգտվում էին զինծառայությունից տարկետման իրավունքից: Ըստ նախարարի՝ սա զինծառայությունից խուսափելու ձև էր: Բացի դրանից, շատ քաղաքացիներ ուսումից հետո այլևս չէին վերադառնում Հայաստան:

Օրենքի փոփոխությունից հետո բուհերում սովորելու նպատակով արտերկիր մեկնող յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցիչ ստիպված կլինի ստանալ ՀՀ կառավարության համապատասխան անհատական որոշումը՝ զինծառայությունից տարկետման իրավունքի մասին:

Բացի այդ՝ արտերկրում սովորելու մեկնող քաղաքացիները ՀՀ Կառավարության հետ կկնքեն 8,5 միլիոն դրամ գրավի պայմանագիր, ինչը պիտի երաշխիք լինի ուսանողների՝ Հայաստան վերադառնալու համար:

One response to “Արտերկրում սովորելու համար զինապարտ քաղաքացիներին անհրաժեշտ կլինի ՀՀ կառավարության անհատական որոշում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *