Եվրոպական Airbus ընկերությունն իր արտադրած 300-րդ UH-72A Lakota թեթև ուղղաթիռն է մատակարարել ԱՄՆ բանակին, որի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է 2014-ի մայիսի 14-ին Airbus-ի Միսիսիպի նահանգի գործարանում։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։
Airbus ընկերությունն արտադրում է այս ուղղաթիռների 7 մոդիֆիկացիա, որոնք հարմարեցված են կոմերցիոն, հետախուզական, պարեկային, ուսումնական և նմանատիպ այլ պահանջներին։
Պետք է նշել, որ այս ուղղաթիռների նկատմամբ պահանջարկն ԱՄՆ-ում կպահպանվի դեռ երկար։ Նախ, բանակի հրամանատարությունը որոշել է օդաչուների մարզումների համար նախկինում կիրառվող Bell OH-58 Kiowa ուսումնական ուղղաթիռների փոխարեն օգտագործել UH-72A Lakota-ները։ Ու բացի այդ, 2014-ի մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ բանակը պատվիրել է այս ուղղաթիռների հավելյալ 100 օրինակ։
Ինչ վերաբերում է 300-րդ ուղղաթիռի հետագա շահագործմանը, ապա այն հանձնելու են ազգային գվարդիային՝ ԱՄՆ հարավ-արևելյան սահմանագծի պարեկության իրականացման համար։ Խնդիրն առավելագույնս արդյունավետ կատարելու համար ուղղաթիռն օժտված է օպտիկաէլեկտրոնային ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև թվային և ինֆրակարմիր տեսախցիկներով։
Airbus ընկերության արտադրանքին պատկանող UH-72 Lakota ուղղաթիռը շահագործման են հանձնել 2007-ին։ Դրա մեկ միավորի շուկայական գինը շուրջ 6 միլիոն ամերիկյան դոլար է։ Երկու հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 270 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը մոտ 5 800 մետր է։ Մեկ լիցքավորմամբ UH-72 Lakota-ն կարող է անցնել մինչև 690 կմ հեռավորություն։