Ռուսաստանը դեսանտային զրահափոխադրիչներ է վերանորոգում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 108 միավոր զրահափոխադրիչների վերանորոգման պայմանագիր է կնքել «144-րդ զրահատանկային նորոգման գործարանի» հետ, որը եղել է ՌԴ ՊՆ հայտարարած մրցույթի միակ մասնակիցը:

Ըստ ստորագրված պայմանագրի՝ գործարանը պարտավորվում է 2014-2016 թվականների ընթացքում վերանորոգել ու ՌԴ զինված ուժերին փոխանցել ընդհանուր առմամբ 108 միավոր ԲՏՌ-Դ, ԲՏՌ-ԶԴ, ԲՏՌ-ՌԴ զրահափոխադրիչներ, որոնք նախատեսված են զինված ուժերի օդադեսանտային զորքերի համար:

ՌԴ զինված ուժերի ԲՏՌ-ՌԴ զրահափոխադրիչը

ՌԴ զինված ուժերի ԲՏՌ-ՌԴ զրահափոխադրիչը

Պայմանագրով վերանորոգող ընկերությունը պարտավորվել է 2014-ին նորոգել զրահափոխադրիչներից 33-ը, 2015-ին՝ 50-ը, իսկ 2016-ին՝ մնացած 25-ը: Համապատասխանաբար 2014-ին ընկերությունը յուրաքանչյուր մեքենայի նորոգման համար կստանա 133 հազար ամերիկյան դոլար, 2015-ին՝ 139 հազար դոլար, իսկ 2016-ին՝ 145 հազար դոլար:

Պայմանագրի կատարման համար գործարանն ընդհանուր առմամբ կստանա շուրջ 15 մլն ամերիկյան դոլար: Իսկ պայմանգրի կատարումը ընկերությունը կավարտի մինչև 2016-ի նոյեմբորի 25-ը:

Նորոգման ենթակա ԲՏՌ-Դ, ԲՏՌ-ԶԴ, ԲՏՌ-ՌԴ դեսանտային զրահափոխադրիչները նախատեսված են օդադեսանտային զորքերի անձնակազմերի տեղափոխման, ինչպես նաև նրանց կրակային աջակցման համար: Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող անձնակազմը՝ մինչև 10 հոգի: Մեքենաները նախագծվել են խորհրդային ԲՄԴ-1 դեսանտի մարտական մեքենաների հիմքի վրա ու ունակ են ինքնաթիռներից վայրէջք կատարել պարաշյուտների միջոցով: Մեքենան ունի 8 տոննա զանգված, լողացող է:

Մարտական մեքենաների բազային տարբերակը՝ ԲՏՌ-Դ-ն, զինված է երկու միավոր 7,62 մմ գնդացիրներով: Մեքենայի հակատանկային տարբերակի՝ ԲՏՌ-ՌԴ «Ռոբոտի» վրա տեղադրված են նաև 2 միավոր 9Մ111 «Ֆագոտ» կամ 9Մ113 «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ: ԲՏՌ-ԶԴ «Սկրեժետ» տարբերակը նախատեսված է զենիթահրթիռային հաշվարկների տեղափոխման համար, իսկ մեքենայի ներսում կան «Իգլա» կամ «Ստրելա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների տեղափոխման համար հատկացված տեղեր: Այս մեքենաների հիմքի վրա ստեղծվել են նաև մի խումբ այլ մեքենաներ՝ ԻՀՀ-ներ, ինքնագնաց ականանետներ, ինժեներական ու այլ տեխնիկա:

Ըստ The Military Balance-2012-ի՝ Ռուսաստանի զինված ուժերում 2012-ի դրությամբ այս մեքենաներից առկա է շուրջ 700 միավոր: Նույն աղբյուրի համաձայն՝ քիչ քանակով այս մեքենաներից ունեն նաև Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանն ու Ուկրաինան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *