Կալինինգրադում ՌԴ սահմանապահները հայտնաբերել են Լիտվայում արտադրված անօդաչու

ՌԴ  Կալինինգրադի շրջանում պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են առանց թույլտվության թռիչքներ կատարող անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանյան աղբյուրների վկայությամբ՝ դա ՌԴ-ի ու Լիտվայի օդային սահմանը հատած և ՌԴ օդային տարածք ապօրինի մուտք գործած անօդաչու է, որը թերևս Լիտվային է պատկանում։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքը, ՌԴ սահմանապահներին հաջողվել է նաև ձերբակալել անօդաչուն գործարկող անձին, որը պնդում է՝ ինքն իր ձեռքով է ստեղծել սույն ԱԹՍ-ն, ՌԴ-ի դեմ որևէ մտադրություններ չի ունեցել։ Այնուհանդերձ, ՌԴ պատկան մարմինները հավաստիացնում են՝ միջադեպը խիստ կասկածելի է։

Ըստ նախնական տվյալների՝ ԱԹՍ-ն այնպես է կառուցվել, որպեսզի կարողանա կրել մինչև 10 կգ բեռ, թևերի բացվածքը՝ մինչև 4 մ, օժտված է GPS համակարգով, կարող էր թռիչքներ կատարել մինչև 2 մ բարձրության վրա։ Ձերբակալության պահին ԱԹՍ-ի վրա եղել է մոտ 50 տուփ ծխախոտ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ ԱԹՍ-ն ներկայումս ուսումնասիրում են ՌԴ ԱԴԾ-ի մասնագետները։

Ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունն էլ իր հերթին, հղում տալով ՌԴ պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Ջուրաևի խոսքերին, հաղորդում է՝ սահմանապահներին հաջողվել է Լիտվայի հետ սահմանին հայտնաբերել հանցավոր խումբ՝ կազմված ՌԴ և Լիտվայի քաղաքացիներից, որը զբաղվում էր ԱԹՍ-ով ծխախոտի ապօրինի արտահանմամբ։ Ջուրաևն ընդգծել է, որ այդուհանդերձ, հետաքննությունն ավարտված չէ, քանի որ լուրջ կասկածներ կան՝ միգուցե ԱԹՍ-ն կիրառվել է նաև ՌԴ-ի դեմ այլ գործողություններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *