Ուշագրավ տեղեկություններ է հրապարակել «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» (ЦАМТО). 2003-2010թթ. ընթացքում աշխարհի 35 երկրներ ձեռք են բերել ընդհանուր մոտ 16 միլիարդ դոլար արժողությամբ զենիթահրթիռային համակարգեր։ Վերջին ութնամյակում ԶՀՀ գնման առաջատարը Չինաստանն է, որը գնել է մոտ 2.442 միլիարդ դոլարի զենք։ Իրենց հակաօդային պաշտպանությունն ակտիվորեն ուժեղացնում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Հարավային Կորեան, Իրանը, Եգիպտոսը, Սիրիան և այլն։
Առավել հետաքրքրական են կենտրոնի ներկայացրած տվյալները վերջին 8-ամյակում զենիթահրթիռային համակարգերի համաշխարհային առևտրի ծավալների դինամիկայի վերաբերյալ.
- 2003 — 0.276 մլրդ. $
- 2004 — 0.815 մլրդ. $
- 2005 — 0.718 մլրդ. $
- 2006 — 1.843 մլրդ. $
- 2007 — 2.863 մլրդ. $
- 2008 — 3.746 մլրդ. $
- 2009 — 1.993 մլրդ. $
- 2010 — 3.729 մլրդ. $
Ինչպես երևում է այս տվյալներից, 8 տարվա ընթացքում առևտրի ծավալները հիմնականում կտրուկ ավելացել են։ Անկում է արձանագրվել միայն 2005 և 2009 թվականներին, ընդ որում 2005-ի անկումը ընդհանուր դինամիկայի ֆոնին բավականին փոքր է, մոտ 100 մլն. դոլար, իսկ 2009-ի անկումը, թերևս, պայմանավորված է եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամով։
Հակաօդային պաշտպանության միջոցների նկատմամբ հետաքրքրության այսպիսի աճը, հավանաբար, պատահական չի և պայմանավորված է վերջին մեկուկես տասնամյակում աշխարհում տեղի ունեցած պատերազմների փորձի վերլուծությամբ։ Մասնավորապես պատերազմները նախկին Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում ցույց տվեցին, որ ուժեղ հակաօդային պաշտպանությունն այսօր դարձել է զսպման կարևոր գործոն, իսկ դրա բացակայությունը խոցելի է դարձնում պետությանը։
Անհասկանալի պատճառներով «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» մասնագետները ԶՀՀ գնած երկրների շարքում «մոռացել են» ներառել Հայաստանը։ Նշենք, որ ըստ մեկ այլ վերլուծական կենտրոնի` «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի», Հայաստանը 2007-2010 թվականներին ձեռք է բերել Ս-300 համակարգերի 2 դիվիզիոն` վճարելով յուրաքանչյուր դիվիզիոնի համար շուրջ 22 միլիոն դոլար (չհաշված հրթիռները)։ Իրականում արդեն այսօր պարզ է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանը ձեռք է բերել առնվազն 5 դիվիզիոն Ս-300, այսինքն` մեր երկիրը Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման վրա ծախսել է մոտավորապես 110 միլիոն դոլար։ Նշենք, որ այս գնահատականն ամենայն հավանականությամբ զգալիորեն զիջում է հակաօդային պաշտպանության ոլորտում Հայաստանի իրական ծախսերին, քանի որ չի ներառում ոչ զենիթային հրթիռների արժեքները, ոչ էլ հակաօդային պաշտպանության այլ միջոցների արժեքները։ Իրականությանն ավելի մոտ գնահատական տալու համար բավարար քանակով բաց տվյալներ առայժմ չկան։