Վիետնամի և Չինաստանի միջև հերթական բախումը՝ Հարավ-չինական ծովում

Օրերս Վիետնամը փորձել է խոչընդոտել Չինաստանի պետական նավթային ընկերությանը վիճարկելի Պարասելյան կղզիների շրջանում HD-981 նավթային հարթակի տեղադրման գործընթացին։ Արդյունքում Վիետնամի առափնյա անվտանգության ծառայության նավերից մեկը ոչնչացվել է չինական ռազմանավերից արձակված կրակի հետևանքով։ Իրավիճակը դեպքի վայրում շարունակվում է լարված մնալ։

Չինաստանի և Վիետնամի նավերի բախումը

Չինաստանի և Վիետնամի նավերի բախումը

Ավելին, մայիսի 14-ին Վիետնամի Խա Թին գավառում՝ Հանոյից 250 կմ դեպի արևելք, վիետնամցի և չինացի բանվորների միջև բախումներ են գրանցվել, որոնց հետևանքով սպանվել են 16 զինացիներ, 5 վիետնամցիներ։ Ընդ որում, սույն բախումներն արձանագրվել են թաիլանդական ընկերությանը պատկանող պողպատաձուլական խոշոր գործարանում։ Չինաստանի արտգործնախարարությունն իր անհանգստությունն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ Հանոյին կոչ անելով գտնել ու պատժել մեղավորներին, զոհերի ընտանիքներին փոխհատուցում հատկացնել։

Չինաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ֆան Ֆենհուեյը Պենտագոն կատարած իր վերջին այցի ժամանակ մեղադրանքներ է հղել Վիետնամի իշխանություններին տարածաշրջանում իրավիճակը սրելու համար։ Բացի այդ, մեղադրանքներ են հնչեցվել նաև ԱՄՆ-ի վարած քաղաքականության առնչությամբ, որը «լռություն է պահպանում, երբ տարածաշրջանի մյուս երկրները սկսում են նավթահանում կատարել, իսկ երբ Չինաստանն է փորձում դա անել, հանկարծակիորեն դառնում է իբր սպառնալիք տարածաշրջանի համար»։

Նկատենք, որ Վիետնամը տարածաշրջանում այն մի քանի երկրներից է, որտեղ դեռևս չկա ամերիկյան ռազմակայան և ռազմական համագործակցության պայմանագիր ԱՄՆ-ի հետ՝ չնայած որ նշված թեմաների շրջանակներում բանակցություններ կայացել են։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանը վատ հարաբերություններ է հաստատել իր մի շարք հարևան երկրների հետ՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Հարավչինական ծովի ջրային տարածքների ու կղզիների նկատմամբ։

Ամերիկյան կողմն էլ, փորձելով օգտվել ստեղծված իրավիճակից, Չինաստանի հարևան երկրներին առաջարկում է անվտանգության ապահովման երաշխիքներ և առանց վճարումների ամերիկյան ռազմակայանի տեղակայում տվյալ պետությունների տարածքում։

Հավելենք, որ դեռևս 2014-ի մայիսի 8-ին Վիետնամի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր՝ իրենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Հարավչինական ծովում սեփական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ մեղադրելով Չինաստանին միջազգային իրավունքը խախտելու համար։ Արտգործնախարարը պահանջել էր Չինաստանից անհապաղ դադարեցնել նավթի արդյունահանումը վիճելի Պարասելյան կղզիների տարածքում և բանակցություններ սեղանի շուրջ նստել: Վիետնամի պաշտոնական վարկածի համաձայն՝ Չինաստանի նավթային աշտարակը տեղադրված է Վիետնամի ափերից 220 կմ հեռավորության վրա՝ Վիետնամի տնտեսական գոտում:

Իր հերթին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավաստիացրել էր՝ նավթի արդյունահանումը Հարավչինական ծովում օրինական է, գործընթացը շարունակվելու է, իսկ Վիետնամը պարտավոր է դադարեցնել նավթարդյունահանման գործընթացի արգելակումը, քանի որ «Չինաստանը նավթ է արդյունահանում իր տարածքային ջրերում»:

Հարկ է շեշտել, որ Չինաստանի և Վիետնամի միջև Հարավչինական ծովում տեղակայված Պարասելյան և Սփրաթլի կղզիների պատկանելիության շուրջ հակասությունները հարյուրամյա պատմություն ունեն: 19-րդ դարից սկսած՝ կողմերից յուրաքանչյուրն իրեն է վերագրում դրանք շահագործելու իրավունքը:

1938-ին կղզիները բռնազավթել է Ֆրանսիան, ում գաղութն էլ հանդիսացել է Վիետնամը: 1970-ականներին կղզիները Հարավային Վիետնամի վերահսկողության ներքո էին, սակայն Չինաստանը 1974-ի մարտերից հետո գրավել էր դրանք։

Վիետնամա-չինական մեկ այլ հակասություն առնչվում է Սփրաթլի կղզիներին, որոնց պատկանելիության շուրջ հակամարտությանը միացել են նաև Թայվանը, Մալազիան, Ֆիլիպինները և Բրունեյը:

Պարասելյան և Սփրաթլի կղզիներն ունեն ռազմավարական նշանակություն, դրանց կից ջրային տարածքները հարուստ են նավթով և գազով։

Այնուամենայնիվ, Վիետնամի ու Չինաստանի հարաբերությունները զարգանում են տնտեսական բնագավառում։ Այսպես, 2013-ի տվյալներով՝ Վիետնամից Չինաստան արտահանումը կազմել է 13.1 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Վիետնամը Չինաստանից ներկրկել է 36.8 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք:

Վիետնամը և Չինաստանը Հանոյում կայացած տնտեսական համաժողովին պայմանավորվել են մինչև 2015-ը երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել շուրջ 60 միլիարդ դոլարի:

One response to “Վիետնամի և Չինաստանի միջև հերթական բախումը՝ Հարավ-չինական ծովում

  1. Pingback: Վիետնամի և Չինաստանի միջև հերթական բախումը՝ Հարավ-չինական ծովում Ռազմ.Ինֆօ | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *