Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 16

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ շրջաններում մայիսի 11-ին հանրաքվե է անցկացվել, որով ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախանալու օգտին, իսկ Կիևի իշխանությունների հետ մարտերը դեռ շարունակվում են։

Երկրի հարավ-արևելյան շրջաններում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

Ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ. արևելյան Ուկրաինա

Ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ. արևելյան Ուկրաինա

21:30” Ուկրաինայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ շուրջ 30 զինված անձինք կարողացել են գրավել ազգային գվարդիայի՝ Դոնեցկում տեղակայված թիվ 3037 զորամասը։ Այն, որ զորամասի վրա իրականացվել է հարձակում՝ հայտնի էր արդեն ցերեկը, սակայն ըստ նախնական տեղեկության՝ զորամասի զինծառայողները կարողացել էին կասեցնել սպառնալիքը։ Այժմ արդեն հայտնի է, որ անձնակազմը համաձայնել է հանձնել զորամասն ու տեղափոխվել այլ ստորաբաժանման մոտակա տեղակայման վայր։ Զինծառայողները զենք կամ զինտեխնիկա հակառակորդին չեն հանձնել։

20:30-Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Նիկոլայ Գոլոմշան։ Ինքնահռչակ հանրապետությունները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաև երկրի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն։

19:00-Ուկրաինայի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում նշել է՝ Լուգանսկում ձերբակալվել է երկրի հարավ-արևելյան շրջաններում գործող այսպես կոչված «հարավ-արևելքի բանակ» զինված խմբավորման հրամանատարներից Ալեքսեյ Ռելկեն։ Նրան դուրս են բերել Լուգանսկի շրջանից։ Ռելկեի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որպես խափանման միջոց՝ ընտրվել  կալանքը։

18։20-Լրատվամիջոցների՝ Սլավյանսկում աշխատող թղթակիցները հայտնում են, որ ինքնապաշտպանական ուժերի շտաբն ունի տեղեկություն՝ ուժայինների առաջիկա հարձակման մասին։ Ներկայումս քաղաքի ինքնապաշտպանական բոլոր ուժերը բերված են մարտական պատրաստության աստիճանի։ 

18։00-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինված անձինք փորձել են գրավել ազգային գվարդիայի՝ Դոնեցկում տեղակայված շտաբը։ Շտաբի պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին հաջողվել է հետ մղել հարձակումը՝ կիրառելով հրազեն։ Միևնույն ժամանակ ՊՆ-ն հերքել է տարածվող այն տեղեկությունը, թե Դոնեցկում ազգային գվարդիայի զինծառայողներն ինքնապաշտպանական ուժերին են հանձնել իրենց զենքը։

17։25-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշում է՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում զինված անձինք փորձել են գրոհել Կրոմատորսկ քաղաքում տեղակայված ավիաբազայի շինություններից մեկը՝ կիրառելով հրազեն ու նռնականետեր։ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների և հարձակվողների միջև ծավալվել է փոխհրաձգություն, ինչի արդյունքում հարձակումը հետ է մղվել։

17:10-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը կոչ է արել Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանը ըմբռնումով և աջակցությամբ մոտենալ ուժային կառույցների կողմից իրականացվող հատուկ գործողություններին, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ապահովել բնակչության անվտանգությունն ու հետագա բարեկեցությունը։

11։31-Մարիուպոլում գիշերը գրոհել են Ուկրաինայի ազգային գվարդիայի հենակետերից մեկը, տեղեկացնում է տեղի 0629 լրատվամիջոցը։ Կողմերի կորուստների վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնում։ Ենթադրաբար տեղի ինքնապաշտպանական ուժերի անդամներն ինքնաձիգերով շուրջ 15 րոպե կրակ են վարել հենակետի ուղղությամբ, ապա հեռացել։

11։30Սլավյանսկի ծայրամասերում գիշերը լսվել են հրետակոծության ձայներ։ Այս մասին հայտնել են քաղաքի բնակիչները, սակայն հայտնի չէ, թե որ կողմն է կրակ արձակել մյուսի վրա։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է  հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն ինչըԿիև իշխանությունները չեն ճանաչել։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *