Տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ կլոր սեղան-քննարկում ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունում մայիսի 15-ին անցկացվել է տեղեկատվատեխնիկական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը նվիրված կլոր սեղան-քննարկում։

Կլոր սեղանին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող գիտական, մասնագիտական և գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետներ:

 Կլոր սեղան-քննարկում` նվիրված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին


Կլոր սեղան-քննարկում` նվիրված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, գիտահետազոտական կենտրոնների տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկած Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ միջոցառումը հրավիրվել է տեղեկատվական անվտանգության, այդ թվում նաև կիբերանվտանգության ոլորտում ՀՀ առջև ծառացած սպառնալիքները, ռիսկերն ու մարտահրավերները գնահատելու, առկա թերացումները վերհանելու և դրանց լուծման ուղիները բացահայտելու նպատակով:

«Տեղեկատվական-տեխնիկական անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, որի առաջին փուլի շրջանակներում գնահատել ենք ՀՀ դեմ ծառացած այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է, օրինակ, տեղեկատվական պատերազմը: Պետական կառավարման, գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների համատեղ ջանքերը պետք է ուղղենք այդ սպառնալիքների չեզոքացման եղանակների, ձևերի, մեթոդների ու անհրաժեշտ ռեսուրսների բացահայտմանը, տեղեկատվության հասանելիության, ամբողջականության ու անվտանգության երաշխավորմանը»,-իր խոսքում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ :

«Արմինկո» ընկերության ղեկավար Գրիգոր Սաղյանը, ով հիմնական զեկուցողն էր, ներկայացրել է համակարգչային անվտանգության ընդհանուր դրույթները: Զեկույցում ընդգծվել են տեղեկատվական անվտանգություն հասկացության մեկնաբանությունները, տարբեր երկրներում տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդները և մոտեցումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ընդունված օրենսդրական ակտերը:

Քննարկմանը մասնակցող գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների մասնագետների ելույթներում հստակեցվել է ՀՀ-ի, մասնավորապես` պաշտպանական համակարգի դեմ կիրառվող տեղեկատվական ու կիբեր սպառնալիքների բնույթը: Հնչել են առաջարկություններ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ուղիների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև գիտական կենտրոնների և հատկապես երիտասարդության հետ մասնագիտական փորձի փոխանակման վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը հանդիպման վերջում վստահեցրել է, որ հնչած առաջարկները և տեսակետները մանրամասն կքննարկվեն պաշտպանական գերատեսչությունում և հույս հայտնել, որ ոլորտի ձեռնարկությունների և մասնագետների հետ առաջիկայում կծավալվի արդյունավետ համագործակցություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *