«Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը վայր է ընկել արձակումից 9 րոպե անց (վիդեո)

«Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը՝ «Էքսպրեսս-ԱՄ4Ռ» արբանյակով, ընկել է մայիսի 16-ին Բայկոնուր կանաից արձակվելուց 9 րոպե անց։ «Պրոտոն-Մ»-ի հետ կապը կորսվել է թռիչքի 540-րդ վայրկյանին։ Գրանցվել է հրթիռի շարժիչների վթարային դադարեցում, գլխամասը համապատասխան ձևով չի անջատվել կրիչից։

Պրոտոն-Մ

Պրոտոն-Մ

Նկատենք, որ «Էքսպրեսս-ԱՄ4Ռ»-ը ներկայումս համարվում է ռուսաստանյան ամենահզոր և բարձր տեխնոլոգիաներով ստեղծված կապի արբանյակը։

Հերթական անհաջող արձակման մասին տեղեկացրել է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ հրթիռ-կրիչի բաղադրիչներրը կարող են ընկած լինել Ալթայի և Ամուրյան շրջանի տարածքում։ Ներկա դրությամբ հետաքննում են վթարի պատճառները։

Հիշեցնենք, որ այս միջադեպը «Պրոտոն-Մ»-ի առաջին անհաջող արձակումը չէ։ 2013-ի հուլիսի 2-ին «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ վայր էր ընկել արձակումից մեկ րոպե անց։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից վաղ առավոտյան։

Վթարի հարցերով զբաղվող հանձնաժողովը եկել էր այն եզրահանգման, որ թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչի վայր ընկնելը կապված էր շարժիչում վառելիքի համակարգի հետ առկա խնդիրների հետ։

2013-ի օգոստոսի վերջին հայտնի էր դարձել՝ աշխատանքից ազատվել են Խրունիչևի անվան տիեզերական կենտրոնի որակի վերահսկողության պատասխանատու, տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կոբզարը, վերջնական հավաքման կետի ղեկավար Վալերի Գրեկովը, տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Միխայիլ Լեբեդևը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դիմիտրի Ռոգոզինը։

Ըստ Ռոգոզինի՝ աշխատանքից ազատվել են նաև մի շարք այլ աշխատակիցներ, որոնք կապ են ունեցել հրթիռ-կրիչի վերջնական հավաքման հետ։

Հավելենք, որ «Էքսպրեսս-ԱՄ4Ռ» արբանյակը ստեղծվել է եվրոպական EADS Astrium  ընկերության կողմից «Կասմիչեսկայա սվյազ» ընկերության պատվերով՝ ՌԴ 2006-2015 թթ. տիեզերական դաշնային ծրագրի շրջանակներում։ Շուրջ 5.8 տոննա կշռող այս սարքը կառուցվել է Eurostar Е3000  հարթակի հիմքի վրա, օժտված է 10 ալեհավաքներով՝ ՌԴ և ԱՊՀ երկրների տարածքների միջև համապատասխան կապն ապահովելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *