ՌԴ-ն Ուկրաինայի ընտրությունների օրը սահմանամերձ Վորոնեժում զորավարժություն է անցկացնելու

Ռուսաստանը հայտարարել է, որ 2014-ի մայիսի 25-ին, երբ Ուկրաինայում նախանշված են նախագահական ընտրություններ, իր զինված ուժերը զորավարժություններ են անցկացնելու:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ուկրաինական մասնաճյուղը, Ուկրաինան արդեն իսկ արձագանքել է այս հայտարարությանը. Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Անդրեյ Դեշիցը հավաստիացրել է՝ մայիսի 25-ին ՌԴ-ում կայանալիք վարժանքները բացարձակապես լավ չեն անդրադառնա Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող առանց այն էլ սրված իրավիճակի վրա:

Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ «Ավիադարտս-2014» զորավարժությունները կայանալու են մայիսի 21-26-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի հետ սահմանակից Վորոնեժի շրջանում: ՌԴ ռազմաօդային ուժերի շուրջ 71 միավոր ուղղաթիռների և ինքնաթիռների անձնակազմերը պետք է պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների գործարկմանը հակադարձեն՝ ոչնչացնելով նրա վերգետնյա թիրախները:

ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացրել են՝ վարժանքներին կիրառվելու են Սու-34 և Սու-24 ռմբակոծիչներ, ՄիԳ-29ՍՄՏ և Սու-27 կործանիչներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, որոնք պատկանում են ՌԴ 8 շրջաններում տեղակայված ավիացիոն ռազմակայաններին:

Հիշեցնենք, որ «Ավիադարտս-2014» զորավարժության առաջին փուլն անցկացվել է 2014-ի սկզբին, իսկ 2014-ի հունիս-հուլիս ամիսներին նախատեսված է դրա եզրափակիչ՝ չորրորդ փուլը: Դրանում մասնակցելու են արտերկրից ժամանած զինծառայողներ, այս պահի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են Ղազախստանն ու Բելառուսը:

Հավելենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին մասնավորապես Ղրիմում ռուսամետ բնակչության ցույցերի և հանրաքվեի հետևանքով Ղրիմի՝ ՌԴ-ի կազմում ընդգկվելու պատճառով: Ղրիմում հանրաքվեն կայացավ մարտի 16-ին, որի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։
Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *