Ադրբեջանում «ազգի դավաճան» համարվող գեներալը ՝ ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով՝ Ադրբեջանում «Շուշին հայերին հանձնելու» և «ազգային դավաճանության» համար մեղադրվող գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը նշանակվել է ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ՝ փոխարինելով գեներալ-մայոր Էյվազ Ջաֆարովին։ Օրուջևի նշանակումն Ադրբեջանում դժգոհություններ է առաջ բերել։

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գեներալ-մայոր Էլբրուս Օրուջև

Գեներալ-մայոր Էլբրուս Օրուջև

Նկատենք, որ 2006-2012-ին Օրուջևը եղել է ռազմական կցորդ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը, իսկ 2012-2013-ին Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատը՝ նույն պաշտոնին։ 2013-ի հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններից հետո, երբ արդեն խոսում էին պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սաֆար Աբիևի հեռացման մասին, լուրեր էին շրջանառվում՝ նոր նախարար կարող են նշանակել ամերիկամետ կողմոնորոշմամբ աչքի ընկնող Օրուջևին։ Լինելով ռազմական կցորդ տարբեր երկրներում՝ Օրուջևը հասցրել էր լավ հարաբերություններ հաստատել այդ թվում ԱՄՆ զինուժի և ՆԱՏՕ-ի հրամանատարական կազմի անդամներ հետ։ Սույն կանխատեսումները, ինչպես տեսնում ենք, չիրականացան, նախարար նշանակվեց Զաքիր Հասանովը։

Այնուհանդերձ, Օրուջևի նշանակումը նույնիսկ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնում հանգեցրել է Ադրբեջանում բողոքի ալիքի բարձրացմանը, քանի որ հասարակական լայն շրջանակներում նրան մեղադրում են «Շուշին հայերին հանձնելու համար», քանի որ նա 1992-ի ապրիլի 16-ից եղել է Շուշիի 704-րդ բրիգադի հրամանատար։

Այս նշանակման հանգամանքները պարզելու նպատակով ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը դիմել է Ադրբեջանի ՊՆ-ին հատուկ հայցով, որտեղ ամփոփված են մի քանի հարցեր «դավաճան գեներալին» պաշտոն շնորհելու նպատակահարմարության առնչությամբ։ ՊՆ-ից պատասխանել են կարճ՝ մեկ նախադասությամբ. «Բանակում հրամանները չեն քննարկվում, այլ կատարվում են»՝ ըստ էության նկատի ունենալով՝ նշանակումը Զաքիր Հասանովի հրամանն էր, և անհրաժեշտ էր այն կատարել։

Հարկ է հակիրճ անդրադառնալ Օրուջևի կենսագրական որոշ տվյալներին՝ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով, հատկապես որ նա իրեն մեղավոր չի ճանաչում 1992-ի մայիսին Շուշին «կորցնելու» համար։

Էլբրուս Օրուջևը ծնվել է 1956 թվականին։ Շուրջ 20 տարի ԽՍՀՄ ԶՈւ համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո վերադարձել է Ադրբեջան, և 1992-ի հունվարին այդ ժամանակ պաշտպանության նախարար Դադաշ Ռզաևը թույլատրել է վերջինիս համալրել Ադրբեջանի զինուժում կամավորների շարքերը։ Մեկ շաբաթ անց Օրուջևին տեղափոխել են զինված ուժերի ստորաբաժանումներին մարտնչելու, և 1992-ի ապրիլի 19-ին՝ պաշտպանության նոր նախարար Ռահիմ Գազիևի հրամանագրով, Էլբրուս Օրուջևին նշանակել են 704-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար։

Օրուջևը հայտնի է 2012-ին Թբիլիսիում հրատարակած «Ղարաբաղ. Լեռները կանչում են մեզ» գրքով, որը հանգեցրել է հակասական արձագանքների։ Գիրքը մասամբ կենսագրական բնույթի է, նկարագրվում են Շուշիի ու Լաչինի (Բերձորի) դեպքերն ու ադրբեջանական բանակի կրած պարտությունները։ Ներկային ադրբեջանական բարձրագույն զինվորական հրամանատարությունը բացասական է վերաբերում այս հրատարակությանը՝ վկայելով՝ Օրուջևը գրքում արդարացնում ու գովաբանում է սեփական անձը, փնովում այդ ժամանակվա հրամանատարական կազմին, որոնք ներկայում բարձր պաշտոններ ունեն ՊՆ համակարգում։ Հակադիր տեսակետ ունեցողները համարում են, որ սա գիրք է «հասարակ ադրբեջանցի զինվորի անցած բարդությունների մասին Արցախյան պատերազմում՝ առանց ավելորդ ուռճացումների ու մտացածին տարրերի»։

Օրուջևը մշտապես հայտարարել է, որ Արցախյան պատերազմի տարիներին հրամանատարությունը՝ մասնավորապես պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չէին կատարում իրենց պարտականությունները, զինված ուժերն անկազմակերպ էին, ուստի ինքը հարկադրված է եղել, նշանակվելով գոյություն չունեցող բրիգադի հրամանատար, իր ուժերով հավաքել կամավորներ ու «կռվել Շուշին պահելու համար»։

1993-ի նոյեմբերին, մեղադրվելով պետական դավաճանության մեջ, ձեբակալվել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը։
Նրան դատապարտելու գործում մեծ դեր են խաղացել հենց Օրուջևի վկայությունները.

«Հրամանատարների անգործության ու անկարգ իրավիճակի պատճառով մենք կորցրինք Շուշին, իսկ դրանից հետո՝ Լաչինը։ Ընդհուպ մինչև մայիսի 13-ը Շուշիին էին մոտենում Բաքվից ուղարկած զորամիավորումներ, սակայն այդպես էլ ոչ ոք չկռվեց հայերի դեմ։ Մայիսի 9-13-ը ես ոչ մի կերպ չէի կարողանում կապ հաստատել Գազիևի հետ՝ իրեն ստեղծված վիճակի մասին տեղեկացնելու։ Իսկ մենք կարող էինք հակառակորդի վրա կրակ բացել ու հակագրոհ իրականացնել միմիայն պաշտպանության նախարարի անմիջական հրամանով, սակայն Գազիևը միշտ հիշեցնում էր մեզ փոխադարձ կրակ չբացելու պայմանավորվածության մասին։ Շուշիի մոտ մենք ունեինք 1000-1500 միավոր կենդանի ուժ, եթե նրանց գրոհի անցնեին, մենք կհաղթանակեինք։ Նույնիսկ այսքան ճակատագրական սխալներից հետո, իրենք ինձ են մեղադրում դավաճանության և Շուշին հանձնելու մեջ, մինչդեռ ես երջանիկ պատահականությամբ եմ ողջ մնացել։ Երբ հայտնի դարձավ մայրաքաղաք Բաքվում հեղաշրջման ու Այազ Մութալիբովի՝ իշխանության գալու մասին, ռազմական ստորաբաժանումների մեծ մասը թողեց դիրքերն ու վերադարձավ Բաքու…Հայտարարում եմ, որ ինձ անընդհատ հետապնդում են ու սպառնում՝ ճշմարտությունն ասելու համար»։

Այսպիսով, հակասական կերպար հանդիսացող գեներալն առանց բացատրությունների և մեկնաբանությունների բարձր պաշտոն է ստանձնում Ադրբեջանի ՊՆ համակարգում։ Ներկայումս բարդ է ասել՝ որոնք են սույն նշանակման դրդապատճառները։ Իրականության հետ աղերսներ ունեցող դեռևս մի տեսակետ է հնչել՝ Զաքիր Հասանովը փորձում է պաշտոններ շնորհել Սաֆար Աբիևի հետ ժամանակին հակասություններ ունեցած, նրա օրոք ՊՆ-ից հեռացված և հիմնականում արևմտամետ կողմնորոշում ունեցող զինվորականների՝ սեփական ազդեցությունը տարածելու և ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր հաստատելու նպատակներով։

One response to “Ադրբեջանում «ազգի դավաճան» համարվող գեներալը ՝ ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ

  1. Pingback: Ադրբեջանում մի խումբ սպաներ անհեթեթություն են որակել ռազմական ղեկավարության կադրային քաղաքականությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *