Բելառուսի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի անդամակցությանը «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական ֆինանսաարդյունաբերական համաձայնագրին։ Կառավարության համապատասխան որոշման մասին նշվում է այդ երկրի իրավական պետական պորտալում։
Համաձայնագիրը Ռուսաստանի և Բելառուսի միջև կնքվել է 2000-ի փետրվարի 11-ին։ Այն նպատակ ունի ամրապնդել անդամակցող երկրների պաշտպանական ոլորտում գործող գիտատեխնիկական և արտադրական ձեռնարկությունների միջև առևտրաֆինանսական կապերն ու համագործակցությունը։
Հայաստանի համար անդամակցումն այս համաձայնագրին կարող է նշանակել արտադրական ներուժի արդյունավետ օգտագործում՝ հաշվի առնելով իրավական ու տնտեսական արտոնյալ միջավայրը, որը կգործի արդեն Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև։
Նշենք, որ համաձայնգրի ներքո միավորված են Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանական արդյունաբերության թվով 15 ձեռնարկություն։ Դրանց համատեղ աշխատանքի արդյունքում իրականցված նշանավոր նախագծերի թվում կարելի է առանձնացնել Պեչորա-2Մ (ռուս.՝ Печора-2М) զենիթահրթիռային համակարգի ու Ֆենիքս (ռուս.՝ Феникс) օպտիկա-էլեկտրոնային կայանի արդիականացումն, ինչպես նաև Ս-300 զենիթահրթիռային համակարգի վերանորոգման շարժական կայանի ստեղծումը։