ՌԴ ԶՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի խումբը Վարյագ հրթիռային հածանավի գլխավորությամբ Վլադիվոստոկից շարժվում է դեպի Արևելաչինական ծով՝ «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Հայտնի է նաև, որ ռուսական կողմից զորավարժությանը մասնակցելու են նաև ականակիր, դեսանտային և այլ նավեր։ Իսկ ահա չինական կողմը ներկայացված է 6 միավոր նավով, որոնց թվում են ականակիրներ, պարեկային և այլ տեսակի նավեր։
Ամենամյա համատեղ «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժությունն այս տարի կմեկնարկի մայիսի վերջից։ Լուրը ռուսաստանյան կողմի ավելի շուտ արված հայտարարությունից հետո հաստատել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է չինական Սինհուա լրատվական գործակալությունը։
Հավելենք, որ դեռևս 2014 թվականի փետրվարի վերջին ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Պեկինում արդեն ավարտվել է զորավարժություն իրականացնելու վերաբերյալ առաջին նիստը։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները որոշել են, որ առաջիկա զորավարժությունն անցնելու է Արևելաչինական ջրային տարածքներում։
Դեռևս 2013 թվականի ամռանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բիշկեքում ՉԺՀ-ի իր պաշտոնակից Չան Վանցյուանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել էր 2014-ին 2 համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելու հարցը։
Շոյգուն շեշտել է, որ ՌԴ-ի համար կարևոր էր չինական պատվիրակության այցը ռուսաստանյան հրամանատարական կայաններ՝ փորձի ու տեղեկությունների փոխանակման տեսանկյունից։
Նախորդ տարի իրականացրած նմանատիպ զորավարժությանը մասնակցել են Չինաստանի ռազմածովային ուժերի 7 և Ռուսաստանի 12 ռազմական նավ։
Նշենք, որ զորավարժության անցկացման վայրը բավական քննարկվող է դեռևս նախորդ տարվանից, երբ Չինաստանը հայտարարեց, որ Արևելաչինական ծովում ստեղծում է հակաօդային պաշտպանություն։ Հետաքրքրականն այն է, որ հենց այդ ծովում են Սենկակու կղզիները, որոնք Պեկինի և Տոկիոյի համար տարածքային վեճի պատճառ են։
Հայտնի է, որ Պեկինին ԱՄՆ նախագահի հայտարարությունը դուր չի եկել, ինչպես նաև Ֆիլիպինների հետ կնքվելիք անվտանգության ապահովման պայմանագիրը, քանի որ Ֆիլիպինների հետ նույնպես Չինաստանը տարածքային խնդիրներ ունի Հարավչինական ծովում։