ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնել է ուղղաթիռաշինական հաղթող ընկերության անունը, որը կիրականացնի նախագահի, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի ուղղաթիռափոխադրումները։ Այս մասին հայտնի է դարձել մրցույթում հաղթող ճանաչված Sikorsky ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից։
Ընկերության հետ առաջիկայում կկնքվի շուրջ 1.2 միլիարդ ամերիկյան դոլարի պայմանագիր, որի շրջանակներում Sikorsky-ն (Սիկորսկի) կնախագծի ու մինչև 2020 թվականը կներկայացնի նոր սերնդի 6 ուղղաթիռ։ Դրանց թիվը հետագայում կավելանա՝ հասնելով 21-ի՝ ամբողջությամբ բավարարելու համար Սպիտակ տան ուղղաթիռափոխադրման պահանջները։
Sikorsky-ի գլխավոր մրցակիցն այս մրցույթում Lockheed Martin ընկերություն էր, որն առաջարկում էր AW101 ուղղաթիռը, սակայն ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ նախագահին տասնամյակներ շարունակ սպասարկող ուղղաթիռաշինական ընկերությունը չի փոխվի։
Հարկ է նշել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ դրույթների դիտարկման արդյունքում է նախապատվությունը տրվել Sikorsky-ին։
Հայտնենք նաև, որ ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախագահին սպասարկելու համար նոր ուղղաթիռ էր փնտրում դեռևս 2000-ականների կեսերից։ Այդ նպատակով 2005-ին հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեց Lockheed Martin և AgustaWestland ընկերությունների համատեղ առաջարկը, սակայն գնի և որոշ այլ անհամաձայնությունների ի հայտ գալու պատճառով 2009-ին այդ պայմանագիրը խզվեց։ Նոր մրցույթ հայտարարվեց 2012-ի նոյեմբերին, որի արդյունքում էլ Sikorsky-ն վերականգնեց իր դիրքերը։
Pingback: Ռազմարդյունաբերական Lockheed Martin ընկերությունը 9 մլրդ դոլարով գնում է Sikorsky-ին | Ռազմ.info