Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիան և ռազմական ոստիկանությունը նոր ղեկավարներ ունեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայի և ռազմական ոստիկանության ղեկավարները հեռացվել են՝ ստանձնելով այլ պաշտոններ։

mud-naz

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ, փոխգնդապետ Վագըֆ Դարգահլըն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը տեղեկացրել է՝ Ադրբեջանի պաշտպանության  նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով՝ Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար, գեներալ-մայոր Հեյդար Փիրիևը, որը սույն պաշտոնը զբաղեցնում էր 2013-ի հոկտեմբերի վերջից, ազատվել է պաշտոնից։ Նրան նշանակել են Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայի ղեկավար։

Բացի այդ, Հասանովի հրամանով՝ ՊՆ ռազմական ոստիկանության ղեկավար, գնդապետ Ֆիզուլի Սալախովը փոխարինել է Փիրիևին նախկին պաշտոնում՝ նշանակվելով Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար։ Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Ազադ Աղաևը։

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին պաշտոնապես հաստատվել էր հոկտեմբերի 26-ից շրջանառվող լուրը. Նախիջևանի բանակային 5-րդ կորպուսի շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Հեյդար Փիրիևին նշանակել էին բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար։ Նա ավելի վաղ արդեն աշխատել էր այդ պաշտոնում։

Նկատենք, որ ադրբեջանական մամուլում դեռևս 2000-ականների սկզբներից լուրեր էին շրջանառվում` Փիրիևը մասնակցել է Արցախյան պատերազմին, որի ընթացքում փախուստի է դիմել Ֆիզուլիի մարտերից։

Բացի այդ, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Խուրալ» թերթը, 2011-ին, երբ Փիրիևին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով նշանակել էին Նախիջևանի բանակային կորպուսի հրամանատար, Նախիջևանում վատ ընդունելությունից հետո գեներալն անմիջապես վերադարձել էր Բաքու։

Ըստ «Խուրալի»՝ Փիրիևին փորձել էին ստորացնել, Նախիջևանի կորպուսի զինվորականները ավել էին տվել նրան ու հարկադրել մաքրել հատակը։ Թերթի վկայությամբ՝ խնդիրն իրականում Նախիջևանի ստորաբաժանման հրամանատարության վատ վարքի մեջ է։ Զինված ուժերի գործերին պարբերաբար միջամտում են տեղի գործարարներն ու ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Փիրիևի դեմ բացասական էր տրամադրված եղել հատկապես կորպուսի նախկին հրամանատարի եղբայրը՝ Քերեմ Մուսթաֆաևը, որը չունի պաշտոն կամ զինվորական կոչում, սակայն կապեր ունի տեղի հանցավոր աշխարհի հետ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *