Վրաստանը հունիսից խաղաղապահ առաքելություն կիրականացնի նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

2014 թվականի հունիսին վրացական շուրջ 150 հոգանոց զորախումբը կմեկնի Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։

Վրացի խաղաղապահներ

Վրացի խաղաղապահներ

Այս մասին մայիսի 13-ին Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Վրաստանն առաջին երկիրն է, որ համաձայնել է ԵՄ-ի շրջանակներում մասնակցել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ առաքելությանը, ինչի համար մենք շնորհակալ ենք Վրաստանին ու գնահատում ենք այդ քայլը»,- նշել էր Օլանդը։

Ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խաղաղապահ առաքելության կմեկնի Բաթումի գումարտակը, որն արդեն արտասահմանում խաղաղապահ առաքելության բավարար փորձառություն ունի։

Հավելենք նաև, որ առաջին 150 հոգին վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել։

Իր հերթին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հայտարարել էր, որ զինծառայողներին պատրաստել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունից վերադարձած ֆրանսիացի տեսուչները։

«Մենք մեր առաջադրանքը գիտենք, մեր բոլոր գործողությունները հաշվարկված են»,- ասել էր Կապանաձեն։

Նշենք, որ 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ-ի կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։

Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն և Եվրամիության արատաքին գործերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։

Վրաստանն առաջարկը քննեց փետրվարի 20-ին կայացած կառավարության նիստում։ Հենց այս ժամանակ էլ կառավարությունը համաձայնություն տվեց վրացական կողմի ներգրավմանը։

Հիշեցնենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված է վերջին 1 տարվա ընթացքում։ Երկրի մուսուլման և քրիստոնյա բնակչության միջև անընդմեջ տեղի են ունենում զինված բախումներ, ինչի հետևանքով հակամարտության ողջ ընթացքում զոհվել է մոտ 2 000 մարդ։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։ Հարավաֆրիկյան Հանրապետության անցումային կառավարությունը նախագահի լիազորությունները հանձնեց մայրաքաղաք Բանգիի արդեն նախկին քաղաքապետ Քեթրին Սամբա-Պանզային։

Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական առաքելություն են իրականացնում ֆրանսիական և աֆրիկյան զորախմբերը։
Աֆրիկյան այս թեժ երկրի հարցում իր մտահոգությունն է սկսել հայտնել նաև Եվրամիությունը։ Վերջինս ևս նախատեսում է զորախումբ ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն։

Ավելի վաղ նշվում էր, որ զորախումբը բաղկացած կլինի 100 հոգուց, որոնց մեջ հնարավոր է ներառվեն զինծառայողներ Իսպանիայից, Թուրքիայից ու նաև Վրաստանից։

One response to “Վրաստանը հունիսից խաղաղապահ առաքելություն կիրականացնի նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *