Հայկական կողմը համարժեք կպատասխանի ադրբեջանական կրակին. փորձագետներ: Օրվա ամփոփում

Ադրբեջանական կրակից հայ զինծառայողներ են վիրավորվել: Փորձագետներն այն կարծքին են, որ ադրբեջանցիները փոխել են հրադադարի խախտման բնույթը՝ սկսելով կրակել խաղաղ բնակչության վրա: Իսրայելն, հավանաբար, Ադրբեջանում ռազմաբազա է հիմնել: ԱՄՆ-ը կփորձարկի միանգամից թշնամու 5 նշանակետ վերացնող ՀՀՊ համակարգ:

  • ԼՂ արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը “ԻՍՏԻԳԼԱԼ” զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:
  • Զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 21 օր է հացադուլի մեջ է, բայց ոչ մեկը դրան չի արձագանքում: Նման հայտարարություն է արել զինծառայությունից խուսափելու համար դատապարտված զինվորի մայրը:
  • «Մեհրաբներ» զորամասի հենակետում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանի գործով ձերբակալվածներ դեռ չկան:
  • «Հայ զինվորը չի կրակելու սանիտարական մեքենայի վրա, կամ խաղաղ գյուղի: Ադրբեջանական բանակը դեռ կունենա համապատասխան կորուստներ, որոնց միգուցե նորից կպահեն սառնարաններում ու ծնողներին կփոխանցեն շատ օրեր անց»,- անդրադառնալով ադրբեջանական կողմից պարբերաբար հրադադարի խախտմանը՝ ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
  • Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ Ադրբեջանի վերջին կրակահերթերը վկայում են, որ այդ երկիրը փոխել է իր գործելաոճը` թիրախում ունենալով հասարակ քաղաքացիներին:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Ադրբեջանը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) հարցում նոր նախապայման է ներկայացրել Ռուսաստանին՝ պահանջելով, որ այդ ՌՏԿ-ն չուղղվի Թուրքիայի դեմ:
  • Ադրբեջանն Իսրայելին է հանձնել իր «Շիտալչայ» ռազմաբազան, որը Բաքվից 50 կմ հարավ է գտնվում:
  • «Իսրայելը ձգտում է օգտագործել Ադրբեջանի ռազմակայանները՝ հարևան Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ օդային գրոհներ իրականացնելու նպատակով, որին Իրանը կարող է պատասխանել Ադրբեջանին ուղղված ցամաքային հակահարվածով»,- գրում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
  • «Ադրբեջանը հայտարարում է, որ այդ ռազմաբազան օգտագործվելու է Լեռային Ղարաբաղի դեմ պատերազմում, սակայն խնդիրն այն է, որ «Սիտալչայ» ռազմաբազայում տեղակայված անօդաչու ինքնաթիռների թռիչքի տարածություն 5-6 անգամ գերազանցում է Հայաստանի հետ ունեցած սահմանը, ուստի դրանք հարևան այլ երկրների պարագայում ևս հանգիստ կարող են օգտագործվել»,- գրում է իրանական կայքը:
  • Անհրաժեշտության դեպքում Իրանի ՌԾՈւ կարող են Նյու Յորքից երեք մղոն հեռավորության վրա հայտնվել: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը:
  • Թուրքիան և Իրանը օդից ռմբակոծել են Հյուսիսային Իրաքը, ուր գտնվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները:
  • «Թուրքիայի արտաքին քաղաքականության փիլիսոփայության մեջ թշնամի երկրներ չկան։ Թուրքիայի համար երկրները բաժանվում են 2 մասի՝ բարեկամ և պոտենցիալ բարեկամ»,-ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
  • ԱՄՆ-ը կփորձարկի միանգամից թշնամու 5 նշանակետ վերացնող ՀՀՊ համակարգ:
  • ԱՄՆ բանակի ծովային հետևակների կորպուսի հրամանատարությունը չորեքշաբթի օրը որոշել է հեռացնել սերժանտ Հերի Սթայնին, ով Facebook սոցիալական ցանցի իր էջում քննադատել էր երկրի նախագահ Բարաք Օբամային։
  •  ՆԱՏՕ-ն Կոսովոյում ավելացնում է զորքերի թիվը: Լրացուցիչ զինվորների ընդհանուր թիվը 700 է, որում ներառված է 550 գերմանական և 150 ավստրիական զինվոր:
  • ԱՄՆ ևս մեկ անգամ խնդրել է միջուկային կարողություններ ունեցող երկրներին զսպվածություն ցուցաբերել, քանի որ օրերս Հնդկաստանն ու Պակիստանը բալիստիկ հրթիռներ էին փորձարկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *