Ադրբեջանի պաշտպանության նախարարը նոր տեղակալ ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը հեռացված է պաշտոնից, նա համալրել է պահեստազորը, իսկ նոր տեղակալ է նշանակվել Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի (Բաքու)  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Թոֆիք օղլու Վելիևը։ Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

գեներալ-լեյտենանտ Քերիմ Թոֆիք օղլու Վելիև

գեներալ-լեյտենանտ Քերիմ Թոֆիք օղլու Վելիև

Ադրբեջանի ՊՆ-ի վկայությամբ՝ Զինգիզ Մամեդովը դեռևս 2013-ի վերջին սեփական կամքով հեռացման դիմում էր գրել և ներկայացրել պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։

Նշենք, որ ավելի վաղ Քերիմ Վելիևը ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, ապա ստանձնել ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2011-ի մարտին Իլհամ Ալիևի հրամանագրով Վելիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 2012-ի հունիսի 25-ին Վելիևը պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության նախագահի շքանշանով»։

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված Զաքիր Հասանովը կադրային կտրուկ փոփոխություններ է սկսել։ Դեռևս 2013-ի հոկտեմբերի 24-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով սեփական աղբյուրներին հաղորդել էր՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովին փոխարինել է Ադրբեջանի նախագահի՝ ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը։ Ադրբեջանի ՊՆ-ն այդ ժամանակ չէր հաստատել տեղեկությունը։

Այնուհանդերձ, Մամեդովի հեռացման մասին լուրերը վաղուց էին շրջանառվում՝ հաշվի առնելով դրա համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը։  Մամեդովն Ադրբեջանի ամենախնդրահարույց գեներալներից է, և մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կիզակետում։ Համաձայն ադրբեջանական լրատվակայքերի՝ նա ճաշկերույթների և հավաքների ժամանակ հաճախ է չափից շատ ալկոհոլ օգտագործում և իրեն վայել չի պահում։

Բացի այդ, 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ երեկոյան Բաքվի «Սպայական տան» դիմաց մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ փորձելով փակել Չինզիզ Մամեդովի ավտոմեքենայի ճանապարհը և զրուցել նրա հետ, Մամեդովը հրամայել էր վարորդին վրաերթ անել քաղաքացիներին։

Պարզվել էր՝ ցուցարարները ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողներն էին։ Նրանք բողոքել էին, որ Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում ուսում ստացած և այն ավարտած երիտասարդները հարկադրված են ևս մեկ անգամ քննություն հանձնել՝ բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար։

One response to “Ադրբեջանի պաշտպանության նախարարը նոր տեղակալ ունի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *