Ամերիկյան Pew Research Centre հետազոտական կենտրոնը հրապարակել է հետազոտություն, որում արտացոլված է հրազենի կիրառմամբ մահվան դեպքերի վիճակագրությունն ԱՄՆ-ում վերջին երեք տասնամյակում։ Ըստ այդ տվյալների, հրազենային սպանությունների ընդհանուր թիվն ԱՄՆ-ում 1993-2010 թվականների կտրվածքով զգալի կրճատվել է, սակայն մահացության ընդհանուր դեպքերը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա, ինչը պայմանավորված է ինքնասպանությունների աճով։
Հետազոտությունում տեղ են գտել նաև վիճակագրական ուշագրավ մի շարք տվյալներ, որոնք արտացոլում են նաև երկրում տեղ գտած զանգվածային սպանությունների պատկերը։
Եվ այսպես, համաձայն հետազոտության տվյալների, 2010 թվականն ԱՄՆ-ում հրազենի միջոցով սպանվել, ինքնասպանություն է գործել կամ անզգուշորեն մահացել է ընդհանուր առմամբ 31 672 մարդ։ Այդ թվից ինքնասպանությանը բաժին է ընկնում 19 392-ը, սպանություններին՝ 11 078-ը։ 1202 հոգի էլ մահացել է զենքի հետ անզգույշ վարմունքի և նմանաբնույթ այլ պատճառներով։ Աղյուսակ 1-ում նշված է նաև միևնույն վիճակագրությունը 1993 թվականի դրությամբ։ Համեմատությունն ամփոփելով արձանագրենք միայն, որ 17 տարիների ընթացքում զգալիորեն նվազել է (7 175-ով) սպանությունների թիվը, մինչդեռ ինքնասպանության դեպքերը գրանցել են աճ։
Աղյուսակ 2-ում արտացոլված է հրազենի կիրառմամբ զանգվածային սպանությունների վիճակագրությունը։ Նշենք, որ հետազոտական կենտրոնում որպես զանգվածային սպանություն սահմանել են 3 և ավելի մահ պատճառած հանցագործությունները։ 1980-2008 թվականների համեմատական վիճակագրությունը ցույց է տալիս, որ զանգվածային սպանությունների ցուցանիշն ընդհանուր սպանությունների թվի համատեքստում աճել է 0.8 տոկոսով։
Պետք է սակայն ուշադրություն դարձնել, որ դրանով հանդերձ, զանգվածային սպանության զոհ դարձածների փաստացի թիվը նույնիսկ նվազել է, իսկ աղյուսակում պատկերված աճը պայմանավորված է 2008-ի՝ ընդհանուր սպանությունների թվի անկումով ու այդ համեմատության մեջ գրեթե նույնը մնացած զանգվածային սպանությունները արձանագրել են աճ։ Եզրափակելով զանգվածային սպանությունների վիճակագրությունը, նշենք, որ 1980-ականներին այս կատեգորիայի սպանության զոհ են դարձել միջինը 92 մարդ։ 2000-ականների համար ցուցանիշը 88 է։
Եզրափակիչ երրորդ աղյուսակում առանձնացված են սպանություն իրագործողներն ըստ ռասայական պատկանելության։ Փիրուզագույնով նշված է սպիտակամորթ մարդասպանների ցուցանիշը, երկնագույնով՝ սևամորթներներինն, իսկ ոսկեգույնով՝ լատինաամերիկացիներինը։
Աղբյուրը՝ PewResearchCentre