ՌԴ ՊՆ-ն ստանձնել է Ղրիմում խմելու ջրի մատակարարման խնդրի լուծումը

ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգի մասնագետները շուրջ 125 կմ երկարությամբ և օրական 9 հազար մ³  քաղցրահամ ջուր ապահովող խողովակաշար են կառուցելու Ղրիմի ջրամատակարարման նպատակով։ 

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդած տվյալներին։

Հայտնի է, որ ներկա դրությամբ ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման բրիգադի՝ խողովակաշարներով զբաղվող ստորաբաժանումներն արդեն կառուցել են 5 կմ ձգվող խողովակաշար, որի շնորհիվ էլ Ղրիմի հարավարևելյան շրջանների բնակիչներն ապահովված են օրեկան 2 հազար մ³ ջրով։

Հիշեցնենք, որ Ղրիմը խմելու ջրի խնդիր ունեցավ 2014-ի մարտին՝ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգկվելուց հետո։ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների հանձնարարությամբ կասեցվեց Ղրիմին անհրաժեշտ ջրի ծավալների շուրջ 85 տոկոսի տրամադրումը Հյուսիսղրիմյան ջրանցքի միջոցով։ 2014-ի մայիսի սկզբին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում ընդունեց, որ Ղրիմում ջրի հետ ծագած խնդրի լուծումը ստանձնելու է ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգը։

Հավելենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացավ հանրաքվե, որի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *