Ամերիկյան General Dynamics ընկերությունը հաստատել է տեղեկությունները, ըստ որոնց՝ ընկերությունը 10 մլրդ ամերիկյան դոլարի զրահամեքենաներ է վաճառելու Սաուդյան Արաբիային: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ, հայտնում է ֆրանսիական Intelligence Online պարբերականը:
Զրահամեքենաները, որոնց մակնիշն ու քանակը դեռ անհայտ են, արտադրվելու են General Dynamics ընկերության Կանադայի մասնաճյուղում՝ Սաուդյան Արաբիայի գործընկերների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ այս գործարքի մասին տեղեկություններ շրջանառվում էին դեռևս 2014-ի փետրվարին: Արտադրող ընկերության անանուն պաշտոնյաները հայտնել էին, որ ընկերությունը նախատեսում է առաջին գործարքով Սաուդյան Արաբիային վաճառել 10 մլրդ դոլարի զրահամեքենաներ, իսկ դրանից հետո կնքել 3 մլրդ դոլարի ևս մեկ գործարք:
Թեև մեքենաների մակնիշը նույնպես չէր նշվում, բայց ենթադրվում էր, որ մեքենաները կլինեն առնվազն երկու տեսակի՝ որոնցից առաջինը կլինի նոր զրահափոխադրիչ՝ 8×8 ընթացամասով, իսկ մյուսը՝ հակաականային հատուկ պաշտպանությամբ թեթև զրահամեքենա՝ 4×4 ընթացամասով: Ընդ որում՝ մեքենաների առաջին խմբաքանակն ընկերությունը պատվիրատուին պիտի հանձներ արդեն 2016-ին:
Սաուդյան Արաբիայի ու General Dynamics ընկերության միջև ռազմական համագործակցությունը սկսվել է դեռևս 1990-ականներից։ Առաջին պայմանագրով Սաուդյան Արաբիան ընկերությունից գնել է շուրջ 2500 միավոր LAV-25 զրահամեքենաներ՝ տարբեր արդիականացումների։
Հետագայում՝ 2009-ին, կողմերը կնքել են 2,2 մլրդ ԱՄՆ դոլարի ևս մեկ պայմանագիր, որով արաբական պետությունը գնել է 724 զրահամեքենաներ։ Իսկ 2011-ին 350 մլն ԱՄՆ դոլարով կնքել են հավելյալ պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիային տրամադրել 82 զրահամեքենա՝ նախագծված LAV-25 զրահամեքենայի հիմքի վրա։