«Բուրատինո» ծանր հրանետի անհաջող գործարկումը՝ ՀՀ և ՌԴ նախագահների ներկայությամբ

ՌԴ-ում զինուժի ծրագրային վարժանքների ժամանակ ՌԴ ԶՈւ զինծառայողների բացթողման հետևանքով ՏՕՍ-1 «Բուրատինո» ծանր հրանետային համակարգի գործարկումը տապալվել է։ Գործարկման ժամանակ ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ներկաների թվում էին  ՀԱՊԿ անդամ երկրներից Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահները։

ՏՕՍ-1 Բուրատինո

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրերի ներկայությամբ դիմել է ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բոգդանովսկուն՝ հանձնարարելով անհապաղ պարզել համակարգի տապալված գործարկման պատճառները։

Այնուհանդերձ, համակարգի նախնական ստուգումները ցույց են տվել՝ մինչև հաշվարկների կատարման գործընթացի ղեկավարն արված քայլերում սխալներ կամ բացթողումներ չեն եղել, իսկ հաշվարկների կատարումը ղեկավարող զինծառայողի համապատասխան հրամանն արձակման կայանին ժամանակին չի հասել։

Հիշեցնենք, որ սույն վարժանքներին մասնակցում էին այդ թվում ՌԴ օդուժի ռմբակոծիչներ, Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերի հրթիռային սուզանավերը, տիեզերական պաշտպանության ուժերը։ Վարժանքներին ՌԴ զինուժի զինծառայողները պետք է ավիացիայի և ՀՕՊ համակարգերի աջակցությամբ հակադարձեին պայմանական հակառակորդի հրթիռային-ավիացիոն հարվածները, ինչպես և պատասխանեին միջուկային հարվածով։

ՏՕՍ-1 «Բուրատինո» համակարգը կազմված է ԲՄ-1 մարտական մեքենայից՝ 220 մմ տրամաչափի վառվող ու տերմոբարիկ հրթիռների համար նախատեսված արձակման կայանով, ընդգրկում է նաև ՏԶՄ-Տ տրանսպորտային-լիցքավորող մեքենա։

ՏՕՍ-1 «Բուրատինո» համակարգն ունակ է խոցել 3,6-6 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախները, իսկ ազդեցության տարածությունը կազմում է 1000-2000 կմ², առավելագույն արագությունը՝ 65 կմ/ժ։

Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի սկզբին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանը բացի Տ-90Ս տանկերից  ՌԴ-ից պատվիրել է նաև Տոս-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետեր, որոնք ծրագրված էր ցուցադրել 2013-ի հունիսի 26-ի ռազմական շքերթին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *