Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 14

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ շրջաններում մայիսի 11-ին հանրաքվե է անցկացվել, որով ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախանալու օգտին։

Երկրի հարավ-արևելյան շրջաններում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

Արևելյան Ուկրաինա. բարիկադներից այս կողմ

Արևելյան Ուկրաինա. բարիկադներից այս կողմ

18։35-Զինված մարդկանց խումբը ներխուժել է Կրամատորսկ քաղաքի հեռուստահեռարձակման կենտրոն և վերցրել այն վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ Կրոմատորսկի որոշ բնակիչներ սոցցանցերում գրել են, որ քաղաքում դադարեցվել է հեռուստաալիքների հեռարձակումը։

17։50” Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս չկա երկրում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն։ Նա հավելել է, որ գործող օրենսդրությունն ապահովում է բոլոր լիազորությունները, որոնք անհրաժեշտ են ուժային կառույցներին՝ երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար։

16։10-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ՄԱԿ-ին անցկացնել հետաքննություն ու պարզել, թե ինչու են Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելյան հատվածում իրականացվող հատուկ գործողության ընթացքում օգտագործել ուղղաթիռներ ՄԱԿ-ի տարբերանշանով։ Նշենք, որ մայիսի 13-ին և 14-ին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնցում երևում է՝ Ուկրաինայի ուժայիններն օգտագործում են Մի-24 ուղղաթիռներ՝ ՄԱԿ-ի տարբերանշանով։

15։30” Սլավյանսկի քաղաքապետի մամուլի քարտուղար Ստելլա Խորոշևան հայտնել է, որ քննարկվում է ինքնապաշտպանական ուժերի ընտրած  մարտավարության փոփոխության հարցը։ Ըստ այդմ, հնարավոր է, որ դրանք  պաշտպանողականից անցնեն հարձակվողական գործողությունների։ 

13։00-Ուկրաինայի ազգային գվարդիան շրջապատել է Կրամատորսկի հարևանությամբ Օկտյաբրսկոե ավանը, այս մասին տեղեկացնում է Russia Today-ի թղթակիցը։

12։00” լավյանսկի շրջանում գիշերը կրկին լսվել են արկերի պայթյունների և ինքնաձիգերի ու գնդացիրների կրակահերթերի ձայներ, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Մասնավորապես, ուկրաինական կողմի և «ինքնապաշտպանական ուժերի» միջև փոխհրաձգություն է եղել անասնակերի գործարանի հարևանությամբ, որը Սլավյանսկ քաղաքի մոտ է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է  հանրաքվե՝ որոշելու շրջանների ապագան, ինչը, սակայն, Կիևը չի ճանաչում։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *