Ուկրաինայում ինքնագնաց հրետանային համակարգ է պայթել

Ուկրաինայի հարավային Խերսոնի շրջանում տեղակայված զորամասերից մեկում պայթել է ինքնագնաց հրետանային համակարգ։ Պայթյունի հետևանքով մահացել է Ուկրաինայի ԶՈւ 2 զինծառայող։

Այս մասին հաղորդում է «Նովիյ վիզիտ» համացանցային պորտալը։ Համաձայն աղբյուրի՝ պայթյունի պատճառով երրորդ աստիճանի այրվածքներ են ստացել 2 զինծառայողներ, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Համացանցում տեսագրություն է տարածվել, թե ինչպես են ուղղաթիռով դուրս բերում նշված 2 վիրավորներին։

Նշենք, որ միջադեպն արձանագրվել է մայիսի 13-ի կեսօրվա ժամերին Ռովնոյե գյուղի մերձակայքում։ Այս բնակելի վայրը տեղակայված է Զապորոժիեն Ղրիմին միացնող երկաթուղուն կից, այսինքն՝ ոչ հեռու վերջերս Ղրիմի և Ուկրաինայի բուն տարածքի միջև որոշված սահմանագծից։

Աղբյուրները չեն հիշատակում, թե ինչ տիպի ինքնագնաց հրետանային համակարգ է եղել։

Այնուհանդերձ, փաստի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրքի «մարդկանց մահվան հանգեցրած ռազմական նշանակության սեփականության անզգույշ ոչնչացում կամ վնասում» հոդվածով։

Հավելենք, որ վերջին շրջանում Ուկրաինայի զինուժի զորամասերում զգալի թիվ են կազմում ռազմական տեխնիկայի մասնակցությամբ դժբախտ պատահարները։ Մասնավորապես, 2014-ի մարտի 20-ին Կրիվոյ Ռոգի զորամասում հրդեհվել էլ զրահատեխնիկայի պահեստը, այրվել էին նաև 3 միավոր Տ-64 տանկեր՝ իրենց լրակազմով։ Մարտի 22-ին Խմելնիցկի շրջանում վայրէջք կատարելիս վթարի էր ենթարկվել Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24Մ ճակատային ռմբակոծիչը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *