Ռուսաստանը հունիսի 1-ից կարող է դադարեցնել GPS համակարգի 10 կայանների աշխատանքը

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը 2014-ի մայիսի 13-ին հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ, որում նշել է՝ եթե մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը ԱՄՆ-ն վերջնականապես չկողմնորոշվի և չտա իր համաձայնությունն այդ երկրի տարածքում ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի ցամաքային կայաններ հիմնելուն, ապա հունիսի 1-ից կդադարեցվի ամերիկյան GPS համակարգի՝ ՌԴ տարածքում գործող թվով 10 կայանների աշխատանքը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

GPS համակարգի արբանյակի ցուցապատկեր

GPS համակարգի արբանյակի ցուցապատկեր

Ռոգոզինը տեղեկացրել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ամերիկյան կողմի հետ ընթանում են բանակցություններն այս հարցի շուրջ, սակայն վերջին մի քանի ամիսներին որևէ առաջընթաց գործընթացում չի նկատվել, ինչն էլ ստիպում է ռուսաստանյան կողմին դիմել ծայրահեղ քայլերի։

Փոխվարչապետը նշել է, որ GPS նավիգացիոն համակարգի՝ Ռուսաստանում տեղակայված կայանների աշխատանքի դադարեցումը չի ազդի սպառողների սարքավորումների ստացած ազդանշանի ուժգնության և նավիգացիայի ճշտգրտության վրա։ Պետք է նշենք սակայն, որ փոխվարչապետի այս պնդումն այնքան էլ չի արտացոլում իրականությունը։ Ամենօրյա սպառողները քաղաքացիական բնակչության շրջանում գուցե չզգան այդ փսփոխությունը, սակայն դա չի նշանակում, որ նավիգացիայի ճշգրտության անկում չի լինի։

Անդրադառնալով ռիսկերին, որոնց պատճառով ԱՄՆ-ն չի ուզում իր տարածքում թույլատրել ԳԼՈՆԱՍՍ-ի կայանների հիմնումն ու շահագործումը՝ նշենք, որ դեռևս 2013-ի նոյեմբերին ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձավ այս խնդրին՝ նշելով, որ Պենտագոնն ու Կենտրոնական հետախուզության վարչությունը չեն խրախուսում այդ կայանների տեղակայումն ԱՄՆ-ի տարածքում երկու պատճառով. նախ դրանք նոր հնարավորություններ կստեղծեն ռուսաստանյան տեխնիկական հետախուզության համար և որ ամենակարևորն է՝ այդ կայանները կբարձրացնեն ռուսաստանյան հրթիռների ճշգրտության աստիճանը հնարավոր հարվածի դեպքում։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2014-ի ապրիլին, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Նավտեխ-2014 ցուցահանդեսի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում Ռուսաստանը նախատեսում է հիմնել ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի թվով 50 կայան աշխարհի 36 երկրում։ Ներկայումս ՌԴ տարածքից դուրս տեղակայված այդպիսի կայանների թիվը 2-ն է՝ Բրազիլիայում և Անտարկտիդայում։

ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան նմանակ է։ Նավիգացիոն համակարգերն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, ուստի բնական է, որ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS համակարգի միջոցով։ Այստեղից ծագեց նավիգացիոն սեփական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտություն, ինչն էլ իրագործվեց ԳԼՈՆԱՍՍ-ի (ռուս.՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система) շնորհիվ:

Նշենք նաև, որ նավիգացիոն սեփական համակարգի ստեղծման աշխատանքներ են ընթանում նաև Չինաստանում ու Եվրոպայում։ Դրանք ունեն համապատասխանաբար Բեյդոու և Գալիլեո անվանումները, սակայն այս համակարգերի կայուն և ճշգրիտ աշխատանքի, ինչպես նաև համաշխարհային ծածկույթի ապահովման մասին խոսելը դեռևս վաղ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *