105 մմ-անոց քարշակվող M102 հաուբիցը, տեղադրելով մեքենայի շասսիի վրա, հորդանանյան KADDB (King Abdullah II Design and Development Bureau) ընկերությունը ստացել է նոր ինքնագնաց հաուբից ու այն ներկայացրել է Հորդանանում կայացած SOFEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին հայտնում է ցուցահանդեսի գործընկեր armyrecognition.com կայքը:
Հորդանանյան ընկերությունն այս քայլով ցանկանում է «երկրորդ կյանք» պարգևել քարշակվող M102 հաուբիցներին, քանի որ ըստ ընկերության մասնագետների՝ քարշակվող հաուբիցները ժամանակակից պատերազմներում զիջում են իրենց դիրքերը ինքնագնացներին: Իսկ այդպիսի հաուբիցներ կան աշխարհի շատ երկրներում:
Նախագծողները հաուբիցը տեղադրել են 4×4 ընթացամասով DAF շասսիի վրա, ինչից հետո հաուբիցի փողի բարձրացման համար ավելացվել է հիդրավլիկ մեխանիզմ, սակայն թողնվել է նաև ձեռքով բարձրացնելու պահեստային մեխանիզմը: Շասսիի վրա տեղադրված հաուբիցը կարողանում է նշանառել ուղղահայաց -5-ից +75 աստիճան անկյուններում, իսկ հորիզոնական՝ 45 աստիճան անկյուններում՝ աջ ու ձախ կողմերում:
Ինքնագնաց հրետանայաին համակարգի փորձարկումներն անցել են հաջող, իսկ նախագծողները հայտնել են, որ պատվիրատուի ցանկությամբ ինքնագնաց հաուբիցի խցիկին կարող են տեղադրել նաև 7,62 կամ 12,7 մմ գնդացիր՝ անձնակազմի պաշտպանության համար:
Համակարգի անձնակազմը 4 մարդ է, այդ թվում վարորդը և հաուբիցի 3-հոգանոց հաշվարկը: Ինքնագնաց հաուբիցի զանգվածը ավելի քան 11 տոննա է: Մեքենան կարողանում է զարգացնել մինչև 125 կմ/ժ արագություն: