Ֆրանսիան մտադիր է ավարտին հասցնել Ռուսաստանին ռազմանավեր վաճառելու գործարքը. Օլանդ

Չնայած Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների վատացմանը՝ Ֆրանսիան ներկա դրությամբ չի պատրաստվում խզել Ռուսաստանին երկու «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր տրամադրելու գործարքը և նախատեսում է ռազմանավերը տրամադրել մինչև 2015-ի հոկտեմբեր, ինչպես նշված է Ռուսաստանի ու Ֆրանսիայի կնքած պայմանագրում: Այս մասին, defensenews.com-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Հիշեցնենք, որ Ռուսաստանին ռազմանավեր տրամադրելու հետ կապված՝ Ֆրանսիայի վրա ճնշումներ էին գործադրում նրա դաշնակիցներն ու մասնավորապես ԱՄՆ-ն: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդն օրեր առաջ հայտարարել էր, որ Ֆրանսիայի կնքած պայմանագիրը ամերիկյան իշխանություններին մտահոգում էր դեռ ուկրաինական ճգնաժամից առաջ, քանի որ ֆրանսիական կողմը Ռուսաստանին հանձնելու էր երկու ռազմանավ: Ընդ որում՝ ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը հայտնվեց այն ժամանակ, երբ նախատեսվում էր Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի այցը ԱՄՆ:

Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները նշում են, որ մինչև հիմա պայմանագիրը կատարվում է գրաֆիկի համաձայն, թեև 2014-ի մարտին խոսակցություններ կային, որ Ֆրանսիան կարող է դադարեցնել Միստրալների տրամադրման պայմանագիրը՝ կապված Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ: Ֆրանսիացի պաշտոնայներին ի պատասխան, ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ եթե Ֆրանսիան հրաժարվի պայմանագրից, ստիպված կլինի ոչ միայն վերադարձնել Ռուսաստանի վճարած գումարը, այլև վճարել պայմանագրով նախատեսված տուգանքը: Հետագայում ֆրանսիական կողմը հայտնեց, որ առաջին նավը պայմանագրով Ֆրանսիան պիտի Ռուսաստանին փոխանցի 2014-ի հոկտեմբերին, հետևաբար պայմանագրի դադարեցման մասին քննարկումը նույնպես կլինի հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին:

Նախատեսված է, որ երկրորդ ռազմանավը Ֆրանսիան կհանձնի Ռուսաստանի՝ Ղրիմում տեղակայված Սևծովյան նավատորմին: Նավերից առաջինը, որ ստացել է «Վլադիվոստոկ» անվանումը, ներկայում փորձարկումների փուլում է։ Երկու նավերը ստանալուց հետո Ռուսաստանը կարող է ևս երկու ուղղաթիռակիր նավեր գնելու պայմանագիր առաջարկել Ֆրանսիային։

Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի քանի խնդիր կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

One response to “Ֆրանսիան մտադիր է ավարտին հասցնել Ռուսաստանին ռազմանավեր վաճառելու գործարքը. Օլանդ

  1. Pingback: Առաջին «Միստրալը» կատարել է 4-րդ փորձարկումները, իսկ Ֆրանսիան դեռ կամուկացի մեջ է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *