Մայիսի 10-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացած զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով։
Այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ զինծառայողին հայտնաբերվել էին գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր:
Հավելենք, որ մայիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր այդ զորամաս, անձամբ ծանոթացել միջադեպի հանգամանքներին, որից հետո անցկացրել էր արտակարգ խորհրդակցություն ռազմական ոստիկանության՝ Իջևանի տարածքային բաժնում։
Սեյրան Օհանյանը ծառայողական քննության ողջ ընթացքը վերցրել է իր անմիջական հսկողության տակ` հանձնարարելով պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկություններն ու անել հնարավոր ամեն ինչ՝ դեպքը բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:
Նշենք, որ սա մայիս ամսվա երկրորդ ոչ մարտական կորուստն է։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info