Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Պակիստանը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածի ջրային տարածքներում ռազմածովային զորավարժություններ են անցկացրել՝ հարևան երկու երկրների միջև ռազմական փորձի փոխանակման շրջանակներում։
Ինչպես հաղորդում է իրանական PressTV լրատվակայքը, մեկ օր տևած վարժանքների ընթացքում Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերն իրականացրել են ծովային տարբեր գործողություններում նավերի ռազմական ու մարտավարական խմբերի կիրառմամբ գործողություններ։
Իրանի նավատորմը զորավարժություններին ներկայացել էր 4 նավերով, այդ թվում՝ «Ֆալահոն» և «Խաջար» հրթիռային կատերները, «Հադիր» դասի փոքր սուզանավը։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 2-ին իրանական ՌԾՈւ նավախումբը ժամանել էր պակիստանյան Կարաչի քաղաքի նավահանգիստ՝ զորավարժությանը մասնակցելու նպատակով։
Հավելենք, որ Իրանն ու Պակիստանը համատեղ ռազմածովային վարժանքներ էին իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում։ Այդ նպատակով ապրիլի 5-ին Պակիստանի ՌԾՈւ նավատորմիղը ժամանել էր իրանական Բենդեր-Աբբաս նավահանգիստ։
Հարկ է նշել նաև, որ Իրանի խորհրդարանն ապրիլին վավերացրել է անվտանգության բնագավառում Պակիստանի հետ համագործակցության համաձայնագիրը, որը միտված է Պակիստանի տարածքից թե´ տեղի իշխանությունների, թե´ Իրանի դեմ մարտնչող սուննիական ծայրահեղական խմբավորումների դեմ համատեղ պայքարի իրագործմանը։