Հորդանանյան նորաստեղծ Arab Defence Industries (ADI) ընկերությունը, որը նախատեսում է զինտեխնիկա վաճառել ու արդիականացնել Մերձավոր Արևելքի երկրների համար, ստացել է զինտեխնիկա վաճառելու առաջին պատվերը:
Հորդանանի զինված ուժերն ընկերությանը պատվիրել է տրամադրել 50 միավոր 6×6 ընթացամասով Mbombe հետևակի մարտական մեքենաներ, ինչ մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը
Կարելի է ենթադրել, որ Հորդանանն այս քայլով ցանկանում է ամրապնդել նորաստեղծ ընկերության դիրքերը ու այն ճանաչելի դարձնել մերձավորարևելյան շուկայում, քանի որ ընկերության հիմնադիրներից մեկը հենց հորդանանյան պետական King Abdullah Design and Development Bureau (KADDB) ընկերությունն է: Համատեղ ձեռնարկության մյուս հիմնադիրը՝ հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունը, սրանով փորձում է հաստատվել նույն շուկայում: Ընդ որում՝ Mbombe հետևակի մարտական մեքենաներն արտադրում է հենց հարավաֆրիկյան ընկերությունը:
Հիշեցնենք, որ Arab Defence Industries (ADI) ընկերությունը ստեղծել են Հորդանանյան KADDB Investment Group ու հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունները: Ըստ երկու ընկերությունների պայմանավորվածության՝ համատեղ ձեռնարկությունը գործելու է Հորդանանում ու նախատեսում է Մերձավոր Արևելքի երկրներին տրամադրել ինչպես զրահապատ ու ավիացիոն տեխնիկայի արտադրության ու սպասարկման, այնպես էլ առկա ռազմական տեխնիկան արդիականացնելու ու պատվիրատու երկրի ստանդարտներին համապատասխանեցնելու ծառայություններ:
Հորդանանի զինված ուժերի պատվիրած 6×6 ընթացամասով անվավոր Mbombe հետևակի մարտական մեքենան արտադրում է Paramount Group ընկերությունը: ՀՄՄ-ն նախատեված է հետևակի տեղափոխման ու նրան կրակային աջակցման համար: Մեքենան զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, իսկ գնորդի պատվերով մեքենայի վրա կարող են տեղադրվել նաև գնդացիր և այլ սպառազինություն:
Հարավաֆրիկյան հետևակի մարտական մեքենան ապահովում է STANAG 4569 4-րդ մակարդակի պաշտպանություն, ինչը նշանակում է, որ մեքենայի զրահը պաշտպանում է անձնակազմն ու սարքավորումները մինչև 14,5 մմ փամփուշտներից, ինչպես նաև մինչև 10 կգ պայթուցիկ նյութի պայթյունից:
Մեքենան ունի 3 հոգանոց անձնակազմ ու կարող է տեղափոխել մինչև 8 դեսանտային: Մեքենայի մարտական զանգվածը 27 տոննա է, կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն: