«Թալիբանի» զինյալները հրթիռակոծել են Քաբուլի օդանավակայանը

«Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները մայիսի 12-ին հրթիռակոծել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Աֆղանստանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով՝ հարձակվել են նաև աֆղանական կենտրոնական Փարվան նահանգի «Բահրամ» ռազմաօդային կայանի վրա, որը հիմնականում կիրառում է ամերիկյան ՌՕՈւ-ն։

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները «Բահրամ» ռազմաօդային կայանում

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները «Բահրամ» ռազմաօդային կայանում

Ինչպես հաղորդում է Աֆղանստանի ոստիկանությունը, սկզբում երկու հրթիռ է արձակվել օդակայանի թռիչքուղու ուղղությամբ։ Այդ պատճառով էլ բոլոր չվերթները հետաձգվել են։

Ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է՝ հարձակման հետևանքով ոտքի են հանել Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) զինծառայողներին։ ISAF-ի ստորաբաժանումներին հաջողվել է հայտնաբերել հրթիռների արձակման ստույգ վայրը, ապա որոշ ժամանակ անց՝ ոչնչացնել մեկ զինյալի։ Այս պահի դրությամբ չի հաղորդվում բախման պատճառով արձանագրված այլ զոհերի ու վիրավորների մասին։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ «Թալիբան» խմբավորումը մայիսի 12-ը հայտարարել էր աֆղանական պետական կառույցների, երկրում խաղաղապահ առաքելության զինծառայողների, Աֆղանստանի ուժայինների դեմ լայնամասշտաբ գործողությունների մեկնարկի օր։ «Թալիբանի» զինյալները գործողությունը կնքել էին «Հայբեր» (Պակիստանն ու Աֆղանստանը միացնող լեռնային կիրճ) անունով։ Ընդ որում, զինյալները կոչ էին արել խաղաղ բնակչությանը աջակցել իրենց, հնարավորինս հեռու մնալ մարտական գործողությունների գոտուց։

Նկատենք, որ մայիսի 12-ին զինյալների կողմից հարձակման են ենթարկվել նաև Աֆղանստանի հարավային և արևելյան հատվածներում տեղակայված ուժայինների հենակետերը։ Հարձակումների հետևանքով սպանվել է 10, տուժել առնվազն 12 հոգի։

Մասնավորապես, հարավային Հիլմենդ նահանգի ոստիկանական հենակետին ուղղված հարձակման պատճառով սպանվել է 7 ոստիկան։ Աֆղանստանի հարավային Ղազնի նահանգի նույնանուն վարչական կենտրոնում զինյալները գրոհել էին ոստիկանական 3 հենակետեր, սպանվել էր ուժային կառույցի մեկ ներկայացուցիչ, 2 կին։ Արևելյան Նանգարհար նահանգում ահաբեկիչները փորձել են գրավել քննչական վարչության շենքը, մանրամասները հայտնի չեն։

Հավելենք, որ «Թալիբանը» ստանձնել է այս հարձակումների, այդ թվում՝ վերոհիշյալ օդակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը՝ վկայելով՝ «արձակված հրթիռները ամառային շրջանի հարձակումների մեկնարկի խորհրդանիշ էին»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *