Խորհրդարանական ընտրարշավին մասնակցող գրեթե բոլոր կուսակցությունները հանրությանն են ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը։ Մեզ հետաքրքրեց, թե զինված ուժերին վերաբերող ինչ ծրագրեր ունեն ընտրարշավին մասնակցող առաջատար ուժերը՝ ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ։
Ընտրարշավին մասնակցող մնացած 3 ուժերին չենք անդրադառնա, քանի որ մեր սուբյեկտիվ գնահատմամբ այդ ուժերը խորհրդարանում հայտնվելու շանսեր գործնականում չունեն։ Ծրագրերը ներկայացվում են այբբենական հաջորդականությամբ։
- Բարգավաճ Հայաստան Կուսակցություն
- Ժառանգություն
- Հայ Ազգային Կոնգրես
- Հայ Հեղափոխական Դաշնակցություն
- Հայաստանի Հանրապետական Կուսակցություն
- Օրինաց երկիր
- Եզրակացություն
Ա. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն
Կուսակցությունը զինված ուժերի, անվտանգության և հարակից այլ հարցերին անդրադարձել է նախընտրական ծրագրի «Խաղաղ, կայուն տարածաշրջան» վերնագրով հատվածում, ուր խոսվում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, ԼՂՀ տնտեսության զարգացման և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։
ԶՈՒ վերաբերյալ կուսակցությունը սահմանափակվել է բանակի մարտունակության բարձրացման և համակարգում բարեփոխումների համար ջանք ու եռանդ չխնայելու խոստումով և «Զինվորի կյանքն ու արժանապատվությունը բարձրագույն արժեք է» կարգախոսով։ Զինված ուժերում առկա խնդիրներին, բարեփոխումների էությանը կամ զարգացման ուղղություններին նախընտրական ծրագրում անդրադարձ չկա։
Բ. Ժառանգություն
Անվտանգության, պաշտպանության, ԶՈՒ հարցերին առավել մանրամասն անդրադարձել է «Ժառանգությունը»։ Կուսակցությունը միակն է, որը անվտանգության համատեքստում նշում է նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները, սակայն, թե հատկապես որոնք են Սփյուռքի խնդիրները և ինչպես պիտի դրանք լուծվեն, չի հստակեցվում։
Փորձ է արվել դասակարգել ասելիքները. առանձնին կետերով նշած են թիրախները և նախատեսած օրենսդիր ու գործադիր քայլերը։ Ընդ որում կուսակցությունը միակն է, որ առանձին կետերով նշել է այն խնդիրները, նպատակները, որոնք կարևոր են ազգային անվտանգության տեսակետից։ Ծրագրում ընդգծվում է, որ հայկական բանակի գործողություններն պիտի ուղղված լինեն պատերազմը կանխարգելելու, այլ ոչ թե` հրահրելու։
Որպես անվտանգության համար կարևորագույն «թիրախներ» նշվել են.
- բանակում կանոնադրական հարաբերությունների գերակայությունը,
- պայքարը կոռուպցիայի դեմ,
- զինվորների իրավունքների պաշտպանությունը օրենքով և անկախ դատարանով,
- բանակի համալրման կախված չլինելը սոցիալական, քաղաքական, ժողովրդագրական գործոններից,
- զինծառայողների մարտական և հայրենասիրական ոգու բարձրացումը,
- տեխնիկական հագեցվածությունը,
- խաղաղարար և խաղաղապահ առաքելություններում մասնակցությունը,
- քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողությունը,
- բանակի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը,
- բյուջետային թափանցիկ պլանավորումը,
- կազմակերպված հանցավորությունը, ահաբեկչությունը, լրտեսությունն ու դիվերսիաները կանխելու ունակ, քաղաքական գործընթացներին չմասնակցող իրավապահ մարմիններ ունենալը:
Ձևակերպված այս նպատակները թեպետ ընդհանուր բնույթի են և ավելի շուտ հայտարարություններ են, բայց հիմնականում ընդունելի են ու հասկանալի։ Սակայն որոշ կետեր այնուամենայնիվ հստակեցման կարիք ունեն։ Օրինակ, երբ նշվում է բանակում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ապա ընտրողի համար հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը՝ անկախ այդ պայքարը վարելու կոնկրետ մեթոդներից։ Սակայն պարզ չէ, օրինակ, թե ի՞նչ են նկատի ունեցել «Ժառանգությունում» նշելով, որ բանակի համալրումը պիտի կախված չլինի սոցիալական, քաղաքական և ժողովրդագրական գործոններից։ Հատկապես վերջինը խիստ կարևոր գործոն է և ժողովրդագրական խնդիրների լուծումն ապագայում մարտունակ բանակ ունենալու անհրաժեշտ պայման է։
Հարցեր կան նաև բյուջետային պլանավորման թափանցիկության առումով։ Հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, կարևոր է ճիշտ որոշել այն սահմանը, որից այն կողմ թափանցիկությունը կարող է վտանգել երկրի անվտանգությունը։ Լավ կլիներ, եթե կուսակցությունը հստակեցներ, թե որն է թափանցիկության սահմանը։
Նաև պարզ չէ, թե ինչու «իրավունքների պաշտպանությունը օրենքով և անկախ դատարանով» վերաբերում է միայն զինվորներին, այլ ոչ ընդհանրապես զինծառայողներին, այդ թվում և սպայական կազմին։
Ինչպես նշեցինք, կուսակցությունը ներկայացրել է նաև օրենսդիր և գործադիր քայլերի մի ցուցակ, որոնք նպատակ ունի իրագործել։ Սակայն դրանք հիմնականում ընդհանուր են ձևակերպված, ինչի պատճառով առաջարկվող քայլերի նպատակահարմարության հիմնավորումը, այդ քայլերի էությունը հիմնականում անհասկանալի են մնում ընթերցողի համար։
Մասնավորապես խոսվում է «Զինապարտության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» օրենքներում փոփոխություններ անելու, «Գաղտնազերծման մասին» մասին օրենք ընդունելու և այլ օրենսդրական նախաձեռնությունների մասին, սակայն չի կոնկրետացվում, թե հատկապես ինչը և ինչու է պետք փոխել։
Կոնկրետ առաջարկներից նշվում է բանակին տրամադրվող բյուջետային հատկացումների տարեկան 20-25% աճ, ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման ավելացում և այլն։ Ու թեև ռազմական ծախսերի 20-25% աճը հրապուրիչ խոստում է, սակայն հասկանալի չէ, թե ինչի հաշվին է ենթադրվում այն ապահովել։
Ամեն դեպքում, չնայած ծրագրում հայտարարությունները, ընդհանուր բնույթի ձևակերպումները մեծ տեղ են զբաղեցնում, ողջունելի է, որ կուսակցությունը փորձել է ի մի բերել և հանգամանալից անդրադառնալ զինված ուժերին և ընդհանրապես անվտանգության համակարգին վերաբերող խնդիրներին։
Գ. Հայ Ազգային Կոնգրես
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ս.թ. մարտի 30-ի իր ելույթում նշել է, որ Կոնգրեսը «միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի»։ Որպես ծրագիր նա առաջարկեց օգտագործել 2010 թ. փետրվարին հրապարակած «100 քայլ. Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր» փաստաթուղթը, ինչպես նաև առանձին ոլորտներին վերաբերող մի շարք այլ ծրագրային փաստաթղթեր, որոնք սակայն չեն անդրադառնում զինված ուժերին։
ՀԱԿ կայքում հրապարակած «100 քայլ…» փաստաթղթի համառոտ տարբերակում Զինված ուժերն ընդհանրապես հիշատակված չեն, թեպետ փաստաթղթի նախագծում ասվում էր, որ ի թիվս այլ բնագավառների, ապագայում կհրապարակվի նաև զինված ուժերի ոլորտում Կոնգրեսի քաղաքականության ծրագիրը։
Մեր տվյալներով այդպիսի փաստաթուղթ առայժմ հրապարակված չէ, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 30-ի ելույթում, որտեղ նա ներկայացրել է ՀԱԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, նշվում է.
2. Վերջին չորս տարիներին (2008-2011 թթ.) վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետեւանքով՝ …
” Խաղաղ պայմաններում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը՝ բանակում տիրող արատավոր բարքերի եւ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով.
13. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքից հանել բանակի մասնակցությանը վերաբերող հակասահմանադրական դրույթը, երկրի ներքին կյանքում զինված ուժերի օգտագործումը սահմանափակելով բացառապես բնական աղետների հետեւանքների վերացման ոլորտով։
Այս երկու կետերից առաջինն ըստ էության քաղաքական հայտարարություն է։ Ինչ վերաբերում է օրենքին, ապա դրա Սահմանադրությանը համապատասխանության հարցի շուրջ բանավեճերն առայժմ շարունակվում են։ Բացի այդ օրենքը փոփոխելու առաջարկը կարող էր արվել անկախ այդ օրենքի՝ Սահմանադրությանը հակասել-չհակասելուց։
Զինված ուժերի վերաբերյալ որևէ այլ հրապարակային ծրագիր կամ հիմնադրույթ մեզ չհաջողվեց գտնել։ Ըստ ՀԱԿ անդամներից մեկի ոչ պաշտոնական տեղեկությունների, Կոնգրեսն ունի մշակած մի քանի միջոցառումներ` զինված ուժերի (կառուցվածքային, համակարգային առումով) բարեփոխումների վերաբերյալ, որոնք, սակայն, քարոզարշավի ժամանակ ներկայացվելու համար նախատեսված չեն։ ՀԱԿ մեկ այլ անդամ, նույնպես ոչ պաշտոնապես հաստատեց, որ բանակի ոլորտի վերաբերյալ հայեցակարգը քարոզարշավի ընթացքում չի հրապարակվելու։
Դ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն
Իր նախընտրական ծրագրի «Ազգային-պետական ուղեգծի հաստատմանն ուղղված քաղաքականություն» բաժնում ՀՅԴ-ն անդրադարձել է Արցախյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց Ցեղասպանության, հայրենադարձության, Արցախի վերաբնակեցման և Հայաստանի անվտանգությանն առնչվող հարակից այլ հարցերի։ Կոնկրետ զինված ուժերին են վերաբերում կուսակցության ծրագրի 144 և 145 կետերը։
Թեև ձևակերպումների հակիրճությանը, կարելի է առանձնացնել այն խնդիրները, որոնք ՀՅԴ կարծիքով անհրաժեշտ է լուծել.
- Սպառազինության արդիականացում
- Բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում
- Արատավոր ու ոչ կանոնադրային երևույթների վերացում
- Ազատամարտիկներին, զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ընդլայնում։
Ընդ որում, դաշնակցությունը նաև կոնկրետացրել է, որ անհրաժեշտ է ձեռք բերել միջին հեռահարության ճշտգրիտ հրթիռներ, ինչի հետ դժվար է չհամաձայնել։ Ընդհանրապես, դաշնակցությունը մեկն է այն երկու կուսակցություններից, ովքեր հստակեցրել են, թե ինչպիսի սպառազինություն է անհրաժեշտ ձեռք բերել։ Մյուս կուսակցությունը, որը մանրամասնել է այս հարցերը, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն է։
Դաշնակցությունը նաև միակն է, ով հիշատակել է ազատամարտիկներին իր ծրագրում։
Ե. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն
ՀՀԿ-ն՝ որպես իշխող կուսակցություն իր նախընտրական ծրագրում, բացի ապագա ծրագրերից, նշել է նաև նախկին ձեռքբերումները։
Մասնավորապես նշվում է, որ պահպանվել է ուժերի հավասարակշռությունը հակառակորդի հետ, ավելացվել են զինված ուժերի կրակային (այդ թվում` հեռահար), մանևրային և հետախուզական կարողությունները` ներկրված և հայրենական արտադրության սպառազինության միջոցով։
Ապագա քայլերի առումով ծրագրից կարելի է առանձնացնել մարտունակության հետագա բարձրացումը, սպառազինության համալրումը, արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության բարձրացումը, կրթական խնդիրները, վստահության ամրապնդումը։
Զինված ուժերում առկա խնդիրների մասին ուղղակի կամ անուղղակի ոչինչ չի ասվում։
Զ. Օրինաց Երկիր
Կուսակցությունը «Ժառանգությունից» հետո երկրորդն է, որ փորձ է արել կետ առ կետ նշել անելիքները։ Ընդ որում, դա արել է շատ ավելի հաջող, քան իր մրցակիցները. ծրագրային կետերը հակիրճ են և կոնկրետ, ինչի շնորհիվ կարող ենք առանց խմբագրման դրանք ներկայացնել այստեղ.
- զինված ուժերի անընդհատական արդիականացում և մարտունակության բարձրացում
- պայմանագրային զինվորական ծառայության աստիճանական անցում,
- զինծառայողների, հատկապես շարքայինների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ձևավորում, ոչ կանոնակարգային հարաբերությունների վերացում,
- զինծառայողների և իրենց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում,
- բանակում երկու և ավելի զինվոր որդի ունեցող ընտանիքների համար սոցիալական փաթեթի մշակում,
- պաշտպանության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ինչպես նաև հասարակական աջակցության մթնոլորտի ձևավորում,
- ժամանակակից, կենսունակ ռազմական արդյունաբերության համալիրի ստեղծում,
- զորակոչի կազմակերպման և անցկացման արդյունավետության ապահովում,
- պետական սահմանի պահպանության ամրապնդում, սահմանային անցման կետերի և դրանց ենթակառուցվածքների արդիականացում:
Փաստորեն, ՕԵԿ-ը ծրագրում անդրադարձել է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ու իրավական պաշպանության հարցերին, խնդիրներից նշել է ոչ կանոնակարգային հարաբերությունները։ Ինչպես և ՀՀԿ-ն նույնպես անդրադարձել է ռազմական արդյունաբերությանը։
Բացի այդ, կուսակցությունը նախատեսում է պայմանագրային զինվորական ծառայության աստիճանական անցում։ Կարելի է ենթադրել, որ խոսքը զորակոչից հրաժարվելու մասին է, այլապես պայմանագրային ծառայություն այսօր էլ է իրականացվում։ Այդ դեպքում ՕԵԿ ծրագրի այս կետը պիտի գնահատել որպես բացահայտ պոպուլիստական, քանի որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է զորահավաքային պահեստազոր և հետևաբար, պարտադիր զորակոչային ծառայությունից լիովին հրաժարվելու մասին խոսք անգամ չի կարող լինել։
ԱՎԵԼԱՑՈՒՄ. ՕԵԿ ծրագրում կա նաև սահմանամերձ բնակավայրերին առնչվող բաժին, որտեղ մասնավորապես առաջարկվում է այդ բնակավայրերի բնակիչների պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել տեղի զորամասերում։ Կարծում ենք, որ պաշտպանվածության բարձրացման տեսակետից շատ ավելի արդարացված կլիներ սահմանամերձ գյուղերը ռազմականացված բնակավայրեր դարձնելու ծրագիրը։ [ Տես նաև ռազմական փորձագետ Ա. Հովհաննիսյանի կարծիքն այս հարցի շուրջ։ ]
Է. Եզրակացություն
Այսպիսով, ըստ թեմաների բաշխման ունենք հետևյալ պատկերը.
- Առկա խնդիրների բարձրաձայնում. «Ժառանգություն», ՀՅԴ, ՕԵԿ
- Զինծառայողների իրավունքների պաշտպանություն. «Ժառանգությունը», ՕԵԿ
- Սոցիալական խնդիրներ. ՀՅԴ, ՕԵԿ
- Ռազմաարդյունաբերություն. ՀՀԿ, ՕԵԿ
- Ձեռքբերումներ. ՀՀԿ
- Օրենսդրական առաջարկներ. «Ժառանգություն», ՀԱԿ
- Տեխնիկական վերազինման հարցեր. ՀՅԴ, ՀՀԿ
- Քաղաքացիական վերահսկողության և թափանցիկության հարցեր. «Ժառանգություն», ՀՀԿ, ՕԵԿ
- Ռազմական կրթություն. ՀՀԿ
- Անվտանգությանն առնչվող այլ հարցեր. «Ժառանգություն», ՀՅԴ, ՕԵԿ
- ԱՎԵԼԱՑՈՒՄ. Սահմանամերձ բնակավայրերի խնդիրներ. ՕԵԿ
- Հպանցիկ անդրադարձ կամ ծրագրային կետերի բացակայություն. ԲՀԿ, ՀԱԿ
Միաժամանակ կուսակցություններից ոչ մեկը չի անդրադարձել կամ հպանցիկ է անդրադարձել մեր կարծիքով այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսին են.
- Նախաբանակային պատրաստություն
- Պահեստազորային նոր՝ այսօրվա մարտահրավերներին ադեկվատ համակարգ
- Կադրերի ռոտացիա
- Ռազմական կրթության ոլորտի խնդիրներ
- Տեղեկատվական անվտանգություն
Ամփոփելով՝ նշենք, որ կուսակցությունները հիմնականում սահմանափակվել են հայտարարություններով և պոպուլիստական թեզերով, ինչը, թերևս սպասելի է նախընտրական ծրագրի համար։ Անհամեմատ ավելի քիչ են կոնկրետ խնդիրների նկարագրությունները և առաջարկները, իսկ եղածներն էլ հաճախ չափազանց ընդհանուր են ձևակերպված։