Ադրբեջանական սոցցանցային էջերը մայիսի 11-ի առավոտյան հաղորդել են առաջնագծի Մարտակերտի հատվածում մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը «հայկական կողմից հրադադարի խախտման պատճառով» Ադրբեջանի ԶՈՒ 4 զինծառայողի՝ այդ թվում 2 սպայի, սպանվելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը:
Ադրբեջանական Sancaq Produktion և Fikir Sexi ֆեյսբուքյան էջերի գրառումը տարածվել էր նաև ադրբեջանական որոշ լրատվակայքերով: Համաձայն գրառման՝ սպանված զինծառայողներն են.
- Ֆարիդ Ալիև, 19 տարեկան
- Ջոկի հրամանատար Ջահանգիզ Մուրադով, 19 տարեկան
- ԶՈւ լեյտենանտ Ռամազան Աբդուլաև, 23 տարեկան
- ԶՈւ լեյտենանտ Գուրբան Հասանով, 24 տարեկան
Ընդ որում, Sancaq Produktion էջում նշված է՝ համոզված չեն, որ տեղեկությունը հավաստի է:
Ադրբեջանական Jam.az լրատվակայքն էլ իր հերթին տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ, փոխգնդապետ Վագիֆ Դարգահլըին: Վերջինս հավաստիացրել է՝ տեղեկությունն իրականության հետ աղերսներ չունի, նման անուն-ազգանուններով զինծառայողներ Ադրբեջանի զինված ուժերում չկան, իսկ եթե սահմանին միջադեպ գրանցվեր, ապա ՊՆ-ն կհաղորդեր այդ մասին:
Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում հայտնվել է հայտարարություն, որտեղ ընդգծված է՝ չնայած Ադրբեջանի ՊՆ-ն բազմիցս դիմել է լրատվամիջոցներին՝ կոչ անելով տեղեկությունը հրապարակելուց առաջ ստուգել այն, ցավոք, կայքերը շարունակում են ապատեղեկատվություն տարածել:
Միաժամանակ Արցախից հայտնում են՝ առաջնագծում հրադադարի հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շարունակել են լիարժեք ձևով վերահսկել իրավիճակը:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info