«Sterenn Du» (բրետոներեն ” «Սև Աստղ») սարքը ֆրանսիական «DCNS», «Thales» և «ECA» ընկերությունների նորույթն է, որն այս ամառվանից սկսած փորձարկումներ է անցնում ֆրանսիական Բրեստ քաղաքի ռազմածովային բազայի մոտակայքում։ «Sterenn Du»-ն նոր սերնդի ականահանների նախատիպ է և օգտագործվում է որպես լողացող լաբորատորիա։
Նախատեսվում է, որ փորձարկումների արդյունքների հիման վրա կկառուցվեն «Espadon» տիպի հեռակառավարվող ականահաններ։ Դրանք լինելու են անբնակ, ցածր նկատելիությամբ կատամարաններ, որնոնք իրենց ստորջրյա անբնակ սարքերի օգնությամբ ի վիճակի կլինեն հայտնաբերել, դասակարգել և վնասազերծել տարբեր տիպի ականներ։ Նոր ականահանների զույգը հատուկ տրանսպորտային նավով պիտի տեղափոխվի աշխատանքային շրջան, որտեղ նրանք կարող են ղեկավարվել կամ տրանսպորտային նավից, կամ անօդաչու թռչող սարքից, կամ ուղղաթիռից։ Տեղափողող նավից աշխատանքային հեռավորությունը կարող է կազմել մինչև 2-3 ծովային մղոն (3700-5500մ), ինչը լուրջ առաջընթաց է, քանի որ այժմ գոյություն ունեցող նմանատիպ սարքերի արդյունավետ աշխատանքային հեռավորությունը ականահան նավից 200-300 մետր է, ինչը բավականին վտանգավոր է։ Նոր ականահանները պիտի կարողանան աշխատել նաև հակառակորդի ակտիվության պայմաններում և բարդ ականային միջավայրում։