Սիրիական Հոմս քաղաքը վերջապես անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ

Ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական Հոմս քաղաքը 2014-ի մայիսի 9-ին վերջապես անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Շրջանի նահանգապետ Թալալա Բազարին հայտնել է, որ զինյալների վերջին խմբերը լքել են քաղաքը, ինչից հետո առաջին անգամ 2 տարվա ընթացքում քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են սիրիական բանակի զորաջոկատները։ Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը։

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում

Բազարին հայտնել է նաև, որ արդեն իսկ սկսել են քաղաք վերադառնալ խաղաղ բնակիչները, ովքեր ստիպված էին թողնել իրենց տներն ընթացող ռազմական գործողությունների պատճառով։

Նշենք, որ Հոմսը զինյալները լքել են՝ կատարելով 2014-ի մայիսի 2-ին ձեռք բերված համաձայնության պայմանները։ Ի պատասխան դրան սիրիական կառավարությունը ազատ կարձակի այն զինյալներին, ովքեր ներկայումս գերևարված են։

Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքը կարևոր է ռազմավարական տեսանկյունից, քանի որ այստեղով են անցնում երկրի տարբեր հատվածներն իրար կապող ճանապարհային մի շարք հանգույցներ։ Սիրիական ճգնաժամի ընթացքում քաղաքը բազմիցս եղել է թեժ մարտերի կիզակետ՝ զինյալների և կառավարական ուժերի միջև։

2014-ի փետրվարին կողմերի միջև ձեռք բերվեց Հոմսի շրջանում հրադադարի սահմանման պայմանավորվածություն, որից հետո խաղաղ բնակիչների տարհանման նպատակով հատկացված միջանցքով դուրս բերվեց քաղաքի ավելի քան 1300 բնակիչ։

Հիշեցնենք, որ 2011-ին ծայր առած սիրիական ճգնաժամը տարբեր գնահատականներով դարձել է ավելի քան 150 000 մարդու մահվան պատճառ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *