Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 10

Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

23:59 – Սլավյանսկի «ինքնապաշտպանության ուժերի ղեկավար» Իգոր Ստրելկովը հայտնել է, որ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս, անտառային գոտուն մոտ, տեղակայվել են «Շտապ օգնության» մոտ 50 մեքենաներ։ Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, քաղաքի շրջակայքում դիրքավորվել են նաև «Գռադի» մի քանի, ինչպես նաև Դ-30 հաուբիցների 7-8 մարտկոցներ։

Իգոր Ստրելկովի կարծիքով ուկրաինական ուժայիններն այսօր` մայիսի 11-ին անպայման կգրոհեն քաղաքը` խափանելու համար նշանակված հանրաքվեն։ Ապստամբներն ակնկալում են ինչպես զրահատեխնիկայի, այնպես էլ օդուժի լայնամասշտաբ կիրառում գրոհի ժամանակ։

Չի բացառվում, որ հարձակումը կարող է սկսվել արդեն այսօր գիշերը կամ վաղ առավոտ։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցները Մարիուպոլ քաղաքում. 09.05.2014

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցները Մարիուպոլ քաղաքում. 09.05.2014

15:50-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը հայտարարել է, որ 2014-ի մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունները չեն անցկացվի Դոնեցկում։ Նա հավելել է, որ ընտրական բոլոր 22 տեղամասերը ներկայումս վերահսկում են ինքնապաշտպանական ուժերը և ոչ ոք թույլ չի տա, որ մայիսի 25-ին այնտեղ անցկացվեն նախագահական ընտրություններ։

15:15-Մարիուպոլ քաղաքում տեղի բնակիչները հրկիզել են հետևակի մարտական մեքենան, որը խլել էին նախօրեին ուկրաինական ուժայիններից՝ երբ վերջիններս գրոհով մտել էին քաղաք։

15։00-Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է՝ 2014-ի մայիսի 9-ին Մարիուպոլ քաղաքում իրականացրած հատուկ գործողության ընթացքում զոհվել է ազգային գվարդիայի 1 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են։ Այս պահին ազգային գվարդիայի բոլոր ստորաբաժանումները դուրս են բերվել քաղաքից և տեղակայված են Մարիուպոլի արվարձաններում։

14:30-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 2014-ի մայիսի 9-ին Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում զոհվել է գումարտակի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Դեմիդենկոն, ում մեքենայի վրա կրակ են բացել դարանից։ Նույն հաղորդագրությունում նշվում է, որ առաջադրանքի կատարման ժամանակ զոհվել է նաև շարքային զինվոր, ով գնդացրորդ էր։

14։00-Վաղ առավոտից Մարիուպոլում կրկին հնչել են կրակոցներ, քաղաքի որոշ հատվածներում բնակիչները կրկին այրում են անվադողեր՝ վերածելով դրանք բարիկադների։ Տեղում աշխատող լրագրողներն իրավիճակը գնահատում են որպես «կայուն լարված»։

13։00-Խարկովի շրջանում ձևավորված «Հարավ-արևելք» շարժման համակարգող Յուրի Ապուխտինը հայտնել է, որ 2014-ի մայիսի 11-ին Ուկրաիանյի արևելյան շրջաններում նախատեսված հանրաքվեն չի անցկացվի Խարկովում։ Ապուխտինը նշել է, որ պատճառը Լուգանսկում և Դոնեցկում սկիզբ առած շարժման հետապնդած նպատակների անհամապատասխանությունն է խարկովցիների ցանկության հետ։

Լուգանսկում և Դոնեցկում հանրաքվեի միջոցով փորձելու են ձեռք բերել ինքնիշխանություն, մինչդեռ Խարկովում ուզում են, որ Ուկրաինան դառնա դաշնային կառավարման ձև ունեցող պետություն, որի շրջանակներում ավելի մեծ ինքնուրույնություն կտրվի շրջաններին։

 

Նշենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *