Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռոստովյան ավիաբազաներից մեկի ավիապարկը համալրվել է 2 միավոր Մի-35 հարվածային նորագույն ուղղաթիռով։ Նախատեսվում է, որ ընթացիկ տարում Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կհամալրվեն ընդհանուր առմամբ 60 միավոր ժամանակակից ավիատեխնիկայով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ուղղաթիռը նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի ու կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև սեփական զինուժի ցամաքային գործողությունների կրակային աջակցման համար։ Մի-35-ը կարող է օգտագործվել նաև փոքր զանգվածի բեռների տեղափոխման ու վիրավորների տարհանման համար։
Մի-35-ը դեռևս Աֆղանստանի պատերազմից իրեն բավական լավ դրսևորած Մի-24 հարվածային ուղղաթիռի կատարելագործված տարբերակն է, որում ամփոփված են ժամանակակից մարտ վարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սարքավորումներ ու սպառազինություն։ Տեխնիկական միջոցների հագեցվածության շնորհիվ, որոնց թվում են գիշերային տեսողության սարքերն ու ջերմացուցիչները, Մի-35-ը կարող է հայտնաբերել թիրախները մինչև 4 կմ հեռավորության վրա՝ անկախ եղանակային պայմաններից ու տեսանելիության աստիճանից։
Ուղղաթիռի վրա կիրառվող նորարարություններից է նաև արբանյակային նավիգացիոն համակարգը։
Հավելենք, որ սպառազինությունում ուղղաթիռն ունի Շտուռմ-Վ (ռուս.՝ Штурм-В) հակատանկային կառավարվող հրթիռներ, 80 և 240 մմ-անոց չկառավարվող հրթիռներ, 30 մմ-անոց նռնականետ և ռումբեր՝ 50-ից 500 կգ-անոց զանգվածով։