Ուկրաինայում ուժայինները գրոհել են Մարիուպոլ քաղաքը. կան զոհեր (վիդեո)

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում մայիսի 9-ին տեղի են ունեցել զինված բախումներ ուկրաինական ուժայինների և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի միջև։ Այս պահին լրատվամիջոցները հաղորդում են իրարամերժ թվեր զոհվածների թվի վերաբերյալ, սակայն համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ ուժայիններն իսկապես կիրառել են հրազեն և կան զոհեր քաղաքացիականների շրջանում։ Տարբեր աղբյուրներ նշում են ընդհուպ մինչև երկու տասնյակ զոհերի մասին։

Հատուկ գործողությունում ներգրավված ՀՄՄ-ն, որը գրավել են ինքնապաշտպանական ուժերը

Հատուկ գործողությունում ներգրավված ՀՄՄ-ն, որը գրավել են ինքնապաշտպանական ուժերը

Ականատեսների վկայությամբ, դեպքերը սկսել են զարգանալ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, երբ Ուկրաինայի ուժային կառույցների ստորաբաժանումները (գործողությանը հավանաբար մասնակցել են զինված ուժերի, ոստիկանության և ազգային գվարդիայի ստորաբաժանումենրը) զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են քաղաք։ Գլխավոր թիրախը եղել է ներքին գործերի վարչության տարածքային շենքը, որն անցել էր ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ։

Հատուկ գործողության իրականացման ընթացքում փոխհրաձգություն է սկսվել ուժայինների և զինված ցուցարարների միջև, որը շատ արագ վերաճել է բախումների՝ քաղաքի տարբեր հատվածներում։ Ուժայիններին հաջողվել է վերահսկողություն սահմանել ոստիկանության շենքի նկատմամբ, սակայն այնտեղ եղած աշխատակիցների տարհանումն իրականացնելուց հետո՝ ժամը 18։00-ի սահմաններում զորքը լքել է քաղաքը։

Բախումների հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել են Մարիուոպոլի քաղաքային խորհրդի և ոստիկանության շենքերը։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է անջատողականների շրջանում 20 սպանվածի մասին, ևս 1 զոհված, ըստ նրա, ոստիկանության աշխատակից է։ Սակայն պետք է հիշեցնենք, որ վերջին շրջանի փորձը ցույց է տալիս՝ Ավակովի հայտնած թվերը արդյունքում միշտ չէ, որ արտացոլում են իրական պատկերը։

Հավելենք նաև՝ լրատվամիջոցներն ու ականատեսները նշում են, որ քաղաքի գրոհի ժամանակ օգտագործվել են նաև տանկեր, սակայն տեսանյութերում երևում է միայն հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) ներգրավում հատուկ գործողությանը, ինչը սակայն չի բացառում, որ տանկեր իսկապես կիրառվել են։ Հայտնի է դարձել նաև, որ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է գրավել քաղաք մտած ՀՄՄ-ներից մեկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *