Ղազախստանն իր նոր հրթիռահրետանային նավը փորձարկելու է Կասպից ծովում

Ղազախստանի զինված ուժերի պատվերով կառուցված հրթիռահրետանային «Սարըարկա» նավը, որը նախատեսված է ծովային սահմանների պարեկության համար, առաջիկայում տեղափոխվելու է Ուրալ գետով դեպի Կասպից ծով՝ փորձարկումներ անցկացնելու նպատակով։

հրթիռահրետանային «Սարըարկա» նավը

հրթիռահրետանային «Սարըարկա» նավը

Ինչպես հաղորդում է ղազախական 24.kz լրատվակայքը, «Սարըարկան» թվով 21-րդ նավն է և երրորդ հրթիռահրետանայինը ՝ կառուցված Ուրալի «Զենիտ» գործարանի կողմից։ 250 տոննա կշռող նավը նախագծվել ու կառուցվել է Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվերով։ Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բաքըթջան Աբդրաիմի խոսքերով՝ Ղազախստանը շարունակելու է համագործակցությունը «Զենիտ» գործարանի հետ, առջևում նոր նախագծեր են։

«Սարըարկան» ունակ է բացել մինչև 35 հանգույց կամ 70 կմ/ժ արագություն, անձնակազմը 31 հոգի է, այդ թվում՝ հրամանատարը։ Նավն օժտված է արդի հրթիռահրետանային, նավիգացիոն ու կապի համակարգերով։ Հիմնական շարժական նավախցիկը վերնամասում է, կա ևս մեկ հրամանատարական պահեստային խցիկ։ Նավի ռադիոտեղորոշման կայանը թույլ է տալիս շրջադիտարկել ավելի քան 40 կմ հեռավորության վրա տարածքում տեղակայված օբյեկտները։

Հավելենք, որ «Զենիտ» գործարանը, ըստ ղեկավար անձնակազմի, կարող է նույնիսկ 600 տոննա կշռող նավեր ստեղծել, սակայն դրա համար անհրաժեշտ է սարքավորումների արդիականացում։

Հիշեցնենք, որ Ղազախստանը Կասպից ծովում ջրային տարածքներ ունեցող հինգ երկրներից մեկն է։ Մնացյալն են Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Իրանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *