ՌԴ ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ռազմանավերը մտել են Լա Մանշ նեղուց

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ռազմանավերի խումբն Ադմիրալ Կուզնեցով ավիակրի գլխավորությամբ 2014-ի մայիսի 8-ին մտել են Լա Մանշ նեղուց։ Ռազմանավերի խմբի կազմում է նաև Պյոտր Վելիկիյ հրթիռային հածանավը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ադմիրալ Կուզնեցով ավիակիրը

Ադմիրալ Կուզնեցով ավիակիրը

Ռուսաստանյան ռազմանավերի խումբն ուղևորվում է Ատլանտյան օվկիանոս, որտեղ կմասնակցի մի շարք վարժանքների։ Դրանց հիմքում լինելու է հակաօդային և հականավային պաշտպանության իրականացումը։

Վարժանքներին մեծ ներգրավվածություն են ունենալու նաև ՌԴ ռազմածովային ուժերի միակ ավիակիր՝ Ադմիրալ Կուզնեցովի (ռուս.՝ Адмирал Флота Советского Союза Кузнецов) մարտական օդաչուներն, ովքեր ուսումնական թռիչքներ են իրականացնելու եղանակային բարդ պայմաններում՝ Ատլանտյան օվկիանոսի ավազանում։

Նկատենք, որ թեպետ ՌԾՈւ Հյուսիսային նավատորմի վարժանքն իրենից արտասովոր ոչինչ չի ներկայացնում, այդուհանդերձ բավական հետաքրքիր երևույթ է, երբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին շրջանում առկա լարվածության պայմաններում ռուսաստանյան նավատորմի ֆլագմանները մուտք են գործում Լա Մանշ նեղուց՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մերձափնյա շրջան։

Ադմիրալ Կուզնեցով ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Ներկայումս ավիակրի վրա հերթապահություն են իրականացնում Սու-25 գրոհիչներ, ՄիԳ-29 և Սու-33 կործանիչներ, ինչպես նաև Կա-27 և Կա-29 ուղղաթիռներ։ Նշենք, սակայն, որ մինչև 2014-ի վերջը Ադմիրալ Կուզնեցովի ավիապարկը նախատեսվում է համալրել 10 միավոր ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչով։ Որպես կանոն, ընդհանուր առմամբ ավիակրի վրա հերթապահություն է իրականացնում 20 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ, թեպետ այս թվերը կարող են լինել փոփոխական։ Շուրջ 2650 հոգանոց անձնակազմից 620-ը բաժին են ընկնում օդաչուներին և թռիչքները սպասարկող ավիաանձնակազմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *