Հորդանանյան KADDB Investment Group ու հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունները Հորդանանում նախատեսում են ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կարտադրի ռազմական նշանակության արտադրանք:
Այս մասին երկու ընկերությունները, ըստ«Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքի, հայտնել են Հորդանանում անցկացված SOFEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Նոր ընկերությունը ստացել է Arabian Defence Industries անվանումը: Այն իր արտադրանքը, ինչպես նաև զենքի սպասարկման ու արդիականացման ծառայությունները կիրականացնի Մերձավոր Արևելքի երկրներում: Մասնավորապես ընկերությունը նախատեսում է պատվիրատուներին տրամադրել ինչպես զրահապատ ու ավիացիոն տեխնիկայի արտադրության ու սպասարկման, այնպես էլ առկա ռազմական տեխնիկան արդիականացնելու ու պատվիրատու երկրի ստանդարտներին համապատասխանեցնելու ծառայություններ:
Նշենք, որ հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունը զբաղվում է նաև 6×6 ընթացամասով Mbombe հետևակի մարտական մեքենաների արտադրությամբ ու Մի-17, Մի-24, AS 332 Super Puma ուղղաթիռների, Hawker Siddeley Hawk ինքնաթիռների արդիականացմամբ:
Հորդանանյան KADDB (King Abdullah Design and Development Bureau) ընկերությունն իր հերթին զբաղվում է անվավոր ու թրթուռավոր մի շարք զրահապատ մարտական մեքենաների, դրանց հիմքով՝ ինժեներական տեխնիկայի արտադրությամբ: Հենց այս տեխնիկան էլ կարող է հիմք դառնալ նորաստեղծ ընկերության արտադրանքի համար:
Pingback: Ղազախստանում կարտադրեն «Բառիս» զրահամեքենաներ | Ռազմ.info