ԱՄՆ-ում MQ-8C անօդաչուն հերթական փորձարկումներն է անցնելու

Ամերիկյան արտադրության ուղղաթիռատիպ MQ-8C Fire Scout անօդաչու թռչող սարքն էլեկտրամագնիսական համատեղելիության փորձարկումներ է անցնելու նավի տախտակամածից թռիչք կատարելուց առաջ։ 

MQ-8C  Fire Scout անօդաչու թռչող սարք

MQ-8C Fire Scout անօդաչու թռչող սարք

Այս մասին հաղորդում է ԱԹՍ-ի արտադրող Northrop Grumman ընկերությունը։

Նշենք, որ MQ-8C-ն ունի մոդուլային խցեր, որոնք հայտնի են «Ֆարադեի խցեր» անվամբ։ Դրանք կոչված են ԱԹՍ-ի զգայուն կողային սարքավորումները ռադիոէլեկտրոնային արգելքներից պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ MQ-8C –ն ստեղծված է ուղղաթիռի հիմքի վրա, սակայն այն մոտ 95 տոկոսով կրկնում է իր նախորդին՝ MQ-8B-ին։ Տարբերությունն այն է, որ MQ-8C –ն իր նախորդից չափերով 2 անգամ մեծ է, օդում կարող է մնալ 2 անգամ ավելի երկար ժամանակ, կարող է կրել 3 անգամ ավել օգտակար բեռնվածություն, օժտված է հետախուզական հատուկ սարքավորմամբ։

Նկատենք, որ MQ-8C Fire Scout ուղղաթիռատիպ ԱԹՍ-ների ընտանիքի առաջին նմուշները ստեղծվել են 2000 թվականին Sikorsky ընկերության դուստր կազմակերպության՝ Schweitzer USA կողմից։ MQ-8C-ի  երկարությունը 12.6 մ է, լայնությունը՝ 2.4 մ, բարձրությունը՝ 3.3 մ, առավելագույն արագությունը՝ 260 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 14 ժամ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 2720 կգ։

ԱՄՆ զինուժն ակնկալում է արդեն 2014-ի հունիսին շահագործման համար ստանալ առաջին MQ-8C Fire Scout-ները։ Նախատեսվում է ընդհանուր առմամբ ձեռք բերել 14 միավոր նման ԱԹՍ-ներ

Northrop Grumman ընկերության մասնագետների խոսքերով՝ 2013-ի հոկտեմբերի 31-ին կատարած առաջին թռիչքից մինչ օրս ԱԹՍ-ն ընդհանուր առմամբ ունեցել է 102 թռիչք։ Առաջին թռիչքային փորձարկումների ժամանակ՝ 2013-ի ընթացքում, փորձարկում էին հիմնականում այս անօդաչուի ինքնուրույն օդ բարձրանալու հնարավորությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *